Ղազախստանում կինը դատի է տվել հարևաններին գիշերները ճռճռացող բազմոցի պատճառով
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքի բնակչուհի Ռոզա Չանիշևան դատական հայց է ներկայացրել իր հարևանների դեմ՝ բողոքելով, որ նրանց տնից գիշերները բազմոցի ճռճռոցի ձայն է գալիս։
Ինչպես նշում է Лента-ն, 75-ամյա հայցվորը պահանջել է բնակարանի տիրոջից ու վարձակալողից իրեն որպես փոխհատուցում վճարել 5.500 դոլար։ Սակայն դատարանը մասնակի է բավարարել կնոջ հայցն ու պարտավորեցրել նրանց վճարել 275 դոլար։
Չանիշևան դատարանում պնդել է, որ վերջին 5 տարվա ընթացքում բնակարանը վարձով է տրվել, և այդ ընթացքում այն, կարելի է ասել, վերածվել է «հասարակաց տան», որտեղ գիշերային հանդիպումներ են ունեցել տարբեր տղամարդիկ և կանայք։
Չանիշևայի ներկայացուցիչը նշել է, որ սա առաջին անգամն է, երբ հայցվորը Ղազախստանում շահում է նման բնույթի դատական գործը։










