Ուկրաինայի Գերագույն ռադայում պատգամավորները ծեծել են միմյանց (տեսանյութ)

13:59 • 08.04.14

Ապրիլի 8-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստին ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է УНИАН-ը: Դրան մասնակցել են Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության և «Սվոբոդա» ազգայնական կուսակցության պատգամավորները:

 

Ծեծկռտուքի պատճառը կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթն է եղել, ով հանդես է եկել ներկայիս իշխանության ներկայացուցիչների հասցեին մեղադրանքներով: Նա հայտարարել է, որ նրանք նպաստում են Ուկրաինայի մասնատմանը և դրա անկախության ոչնչացմանը:

 

«Դուք այսօր զինված մարդկանց նետել եք նրանց վրա, ովքեր խաղաղ պաշտպանում էին իրենց շահերը: Դուք վախեցնում եք մարդկանց և ձերբակալում»,- ասել է Սիմոնենկոն՝ մեկնաբանելով երկրի արևելքում վերջին իրադարձությունները:

 

Ելույթն առաջացրել է իշխող «Սվոբոդա» կուսակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք մոտեցել են ամբիոնին և այնտեղից իջեցրել Սիմոնենկոյին:

 

Դրանից հետո ամբիոնի մոտ են հավաքվել Կոմունիստական կուսակցության, ինչպես նաև Ռեգիոնների կուսակցության պատգամավորները: Արդյունքում՝ ծեծկռտուք է սկսվել:


Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը կռվի պատճառով ընդմիջում է հայտարարել: