Սիրիայում ընտրությունները կկայանան նախանշված ժամկետում՝ հուլիսին. սիրիացի պաշտոնյա
Սիրիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան նշանակված ժամկետում. ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին ասել է երկրի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին։
«Ոչ ոք լիազորություն չունի փոխել կամ չեղյալ համարել այդ ընտրությունները։ Դրանք տեղի կունենան նշված ժամկետում»,- նշել է ազ-Զոուբին։
Նախարարի խոսքով՝ թեկնածուների հայտերի ընդունումը՝ ընտրություններին մասնակցելու համար, կմեկնարկեն ապրիլի 20-ին։
«Դիմումները կընդունվեն մոտ ժամանակներս։ Սիրիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ Բաշար ալ Ասադը շարունակի ղեկավարել երկիրը»,-ասել է նա։
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հուլիսին։ Բաշար ալ Ասադը, որի պաշտոնավարման երկրորդ շրջանը մոտենում է ավարտին, դեռևս պաշտոնապես չի հայտարարել առաջադրվելու մտադրության մասին, սակայն փորձագետները ենթադրում են, որ նա կպահպանի պաշտոնը։










