Թուրքիայի միակ հայկական գյուղն անունը կորցնել չի ցանկանում

11:55 • 08.04.14

Թուրքական Հաթայի՝ մեծ քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո դրա մեջ մտնող երկրի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, թաղամասի է վերածվել, և այժմ բնակիչները դեմ են բնակավայրի անվանափոխությանը, գրում է «Ակօս»-ը։

 

Գյուղի բնակիչները պահանջում են, որ պահպանվի Վաքըֆլը քյոյ՝ Վաքըֆլը գյուղ տարբերակը։

 

«Ավելի վաղ որպես գյուղ էինք հիշատակվում, և այդպես էինք ճանաչված։ Մեր գյուղի անվան անհետացումը մեզ շատ կտխրեցնի»,-ասել է Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը։

 

35 տնից և 135 մարդուց բաղկացած Վաքըֆլըի բնակիչները ցանկանում են, որպեսզի իրենց բնակավայրը «Վաքըֆլը գյուղ-թաղամաս» հիշատակվի։

 

21 տարվա գյուղապետը նշում է, որ Թուրքիայում հայաբնակ այլ գյուղ չկա, և թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում իրենք այդպես են ճանաչված։


Վաքըֆլըի բնակիչներից 82-ամյա Փանոս Չափարը պատմում է, որ ծնված օրվանից ի վեր իր ծննդավայրը Վաքըֆլը գյուղ է կոչվել։ «Ստամբուլում Բաքըրքյոյ, Յեշիլքյոյ, Քադըքյոյ թաղամասեր կան, և ցանկանում ենք, որ մեր բնակավայրն էլ քյոյ-գյուղ կոչվի»,- ասել է նա։

 

Նշենք, որ բնակավայրի անվանումից ցանկանում են հեռացնել «քյոյ» (գյուղ) բառը։