Գալուստ Սահակյանը պատրաստ է շարունակել քառյակի հետ համագործակցությունը

13:11 • 28.04.14

ԱԺ նախագահի թեկնածու, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատրաստ է շարունակել ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ համագործակցությունը։ Այս մասին վերջինս ասաց լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է քառյակի խմբակցությունների հետ քննարկումների, ինչպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, թե՞ այլ՝ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու։ Գալուստ Սահակյանը հավելեց, թե ցանկացած խնդրի, ցանկացած հարցի պարագայում քննարկում է սկսելու ոչ թե մեկ ամիս առաջ, այլ՝ ավելի վաղ: «Յուրաքանչյուր առաջարկությունում, ես կաշխատեմ իմ դերակատարումը տեսնել այդտեղ, որ ցանկացած պատգամավոր, քաղաքական թիմ հնարավորություն ունենա մանրամասնորեն քննարկել»,- նշեց նա:

Իսկ թե ի՞նչ է լինելու խորհրդարանում հայտնի իր յուրահատուկ պաշտոնի հետ, արդյոք հրաժարվելո՞ւ է այդ պաշտոնից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք որևէ անգամ իմ դերակատարման համար ուղղորդող չեմ եղել: Արդեն դա վաղեմության ժամկետ ունի, այդ պաշտոնն անձեռնմխելի պաշտոն է, ոչ մեկ իրավունք չունի այդ պաշտոնում լինել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան պաշտոնն է»։

Դեռևս խմբակցության ղեկավարը բացատրեց, թե ինչու էր հերքում տարածված լուրերը, որ ինքը նշանակվելու է ԱԺ նախագահի պաշտոնում։ «Որովհետև խնդիրը չէր քննարկվել։ Ես երբեք առաջարկություններ չեմ ստացել, չեմ ձգտել առաջարկություններ ստանալ: Իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի հետևանքով: Կուսակցությունը առաջադրել է, ես խոսել եմ, մասնակիցների կողմից ընդունվել է առաջարկը»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ԱԺ նախագահ դառնալու հանգամանքը լինի 2018թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու նախադրյալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինձ ուրիշների տեղը մի դրեք»։ Հարցին, թե վարչապետ դառնալու հավակնություններ ունի՞, «Հանրապետական» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ որևէ բանի հավակնություններ չունի:

Հարցին, թե որտե՞ղ է բնակվելու՝ Պռոշյանի ամառանոցո՞ւմ, նա պատասխանեց, որ եթե պարտադիր չլինի բնակվել այնտեղ, ինքը հակված չի թողնել իր բնակարանը:

Իսկ թե ով կլինի խմբակցության ղեկավարի դերում, ապա Գալուստ Սահակյանն ասաց, թե շատերը կարող են աշխատել որպես խմբակցության ղեկավար: Իսկ թե հնարավո՞ր է՝ շարունակի ղեկավարել խմբակցությունը, նա նշեց. «Այսպես թե այնպես ես նաև կուսակցության փոխնախագահն եմ ու մասնակից եմ լինելու խմբակցության աշխատանքներին, օգնելու եմ: Բայց դա չի նշանակում, որ ես խմբակցության ղեկավար անվանումը պետք է ունենամ, որովհետև եթե ընտրվեմ, ես ոչ միայն ՀՀԿ խմբակցության նախագահն եմ, այլև՝ ամբողջ խորհրդարանի»: