Նորաշեն 37–ի բնակիչը սպառնում է նորակառույց շենքը պայթեցնել, եթե իրենց հարցին ընթացք չտան (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ բնակիչներ, որոնք տարիներ առաջ Նորաշեն 37 հասցեում նորակառույց շենքում բնակարաններ ստանալու համար գումարներ են փոխանցել շինարարական կազմակերպությանը, սակայն հիմա զրկված են արդեն բարձրացված շենքում բնակարաններ ստանալու իրավունքից:
Սերվանտես Բաբաջանյանը, ով իր տղայի համար նշված հասցեում մեկ սենյականոց բնակարան ստանալու համար շինարարական ընկերությանը 3 միլիոն դրամ է փոխանցել (դեռ 5 էլ պետք է փոխանցեր), Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե իրենց խնդրին ընթացք չտրվի, իրենք իրավունք ունեն շենքը պայթեցնելու:
«Ես էդ շենքը տրաքացնելու եմ այլապես, ինչո՞ւ … իրավունք ունեմ և էդ իրավունքը կարամ ցույց տամ, թե ինչու ունեմ»,- ասաց Սերվանտես Բաբաջանյանը:
Նույն շենքում բնակարան ստանալու համար ներդրում արած բնակիչ Համիկը պատմեց, որ նախկին կառուցապատողը՝ «Նորաշեն 2007»-ի սեփականատերը շենքը գրավադրել է և պարտքի դիմաց զիջել նոր կառուցապատողին՝ «Արտաշես Մելիքյան ՍՊԸ»-ին:
«Եկել է դատական պրոցեսի ժամանակ մարդն արտահայտվել է, որ մեզ կբավարարի, հետո ինչ-ինչ հարցեր են ի հայտ եկել, հրաժարվում է, ընդհանրապես չեն ուզում լսել»,-ասաց քաղաքացին՝ մանրամասնելով, որ նման խնդիր կա 27 բնակարանի դեպքում։
Մեկ այլ քաղաքացի Հասմիկ Վարդանյանն էլ պատմեց. «Երկու տարի դատական պրոցեսից հետո դատավորը՝ Վազգեն Ռշտունին փոխվեց, նոր դատավոր նշանակեցին, մի երկու–երեք ամիս տևեց մինչև ծանոթացավ գործին, նոր վարույթ ընդունվեց, հիմա նորից դատը սկսվել է, նորից քաշքշուկ, մեր շենքը կալանքի տակ է, կառուցապատողը հարցեր ունի նախկին կառուցապատողի հետ՝ ինչ–որ գումարի պատճառով, ու մենք սենց մնացել ենք»:
Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետը մոտեցավ բնակիչներին և առաջարկեց հարցը քննարկել:










