«Օրենքով գող» Արտյոմ Սարգսյանի ձերբակալությունը սովորականներից էր. քրեագետ
Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանի ձերբակալությունը սովորականներից էր։ Նա նշեց, որ բախտ է ունեցել վերջերս Մոսկվայում ձերբակալված հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանի հետ հանդիպելու, և այդ մարդն իր վրա թողել է շատ լավ տպավորություն, թեև այդ ժամանակ դեռ «օրենքով գող» չէր կարգվել:
«Նրա ձերբակալումն ամենասովորական ձևերից էր: Ես իր մասին բավականին նյութեր ունեմ, որոնք պետք է ճշտվեն, այդ հարցում հատկապես ռուսական կայքերն այնքան էլ վստահելի չեն ինձ համար: Եվ իր ձերբակալումն արվել է հիմնականում ռուսական մամուլի միջոցով»,-ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ Արտյոմը կապված է Հայաստանի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, իրենք իրենց ներքին խնդիրներն ունեին: Իսկ պարտքի մասին քրեագետը տեղեկություն չունի և գտնում է, որ նման դեպքում կարելի է ամենաանհավանական պատմություններն էլ հորինել. «Ինձ թվում է, որ նրա հետ կապված հարցն արդեն լուծվել է, կամ լուծվելու վրա է»:
Անդրադառնալով «գողական աշխարհին»՝ քրեագետը նշեց, որ եթե որևէ մեկի մտքով անգամ կանցնի, որ կրիմինալ աշխարհը որևէ երկրում իշխանությունների հետ կապ չունի, շատ կսխալվի: Իսկ Հայաստանի մասով մասնավորապես ընդգծեց. «Այսօր իրեն գողական կարող է համարել III մասի շուկայում կանգնած մի հատ ջահել տղա, որն իր գրպանում ունի կիսատ, ժանգոտած մի դանակ, քանի որ այդ հասկացությունը մեզ մոտ լղոզվել է»:
Հիշեցնենք, որ ՌԴ ՆԳՆ աշխատակիցները վերջին չորս ամիսների ընթացքում 3 «գողական հավաք» են կանխել, ձերբակալել են ավելի քան 20 «օրենքով գողի»։ Նրանցից 8-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել: Վերջին ձերբակալվածը 36-ամյա հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանն է, նույն ինքը՝ Արտյոմ Սարատովսկին։ Նրան ձերբակալել են Զատկի նախօրեին՝ Դոմոդեդովոյի շրջանում։










