Գիտության դոկտոր եմ, տիրապետում եմ 5 լեզուների՝ մաքուր, գերազանց կարդալ, արտահայտվելով. Հրանտ Բագրատյան
ԱԺ նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելուց հետո այսօր ԱԺ–ում Հրանտ Բագրատյանը ներկայացրեց այդ պաշտոնը ստանձնելու դեպքում իր ծրագրերը։ Իսկ մինչ այդ նա սկսեց իր կենսագրությունից, որ ծնվել է 1955թ-ին, գիտության դոկտոր է, կոչումը ստացել է Մոսկվայում։ Բագրատյանը հավելեց, որ տիրապետում է 5 լեզուների «մաքուր, գերազանց կարդալ՝ արտահայտվելով»։
Բագրատյանը հիշեցրեց, որ եղել է վարչապետ, և ինչքան էլ իր մասին չարախոսեն՝ ՀՆԱ-ի աճ է ստացել 1994թ.՝ ԱՊՀ երկրների մեջ առաջինը։ Ըստ նրա՝ 96թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն գերազանցում էր և Վրաստանին, և Ադրբեջանին։
Բագրատյանը խոսեց իր վարչապետության տարիներին իրականացված ծրագրերից, ըստ որի՝ նա ոչ միայն կարողացել է ստանալ էլեկտրաէներգիա, այլ նաև այն արտահանել։ «Ձեռնամուխ եմ եղել ատոմակայանի վերագործարկման գործին»,-ասաց նա և նշեց, որ 94թ. իր իրականացրած էներգետիկ ռեֆորմը նույնիսկ տեղ է գտել միջազգային վալյուտային ֆոնդի ուղեցույցում։
Նա խոսեց նաև իր կողմից առաջ քաշած հողային բարեփոխումից, հակաօդային պաշտպանության ռեֆորմից և նույնիսկ, ինչքան էլ իրեն քննադատում են, նաև սեփականաշնորհման ռեֆորմից։ «Այո, ես սեփականաշնորհման հայրն եմ եղել, ես ընդունում եմ, բայց դրանով հանդերձ մի կրպակ անգամ ինձ չեմ վերցրել։ Չեմ ասում՝ մեր տարիներին եսիմ ինչ էր, բայց համեմատած՝ ֆանտաստիկ հաջողություն էր»,-ասաց նա։
Ինքնակենսագրությունից հետո անցավ ԱԺ մասով բարեփոխումների ծրագրին, որն ըստ նրա՝ վեց կետից բաղկացած խորը բարեփոխումների ծրագիր է։
«ԱԺ-ի գործունեութան մեջ պետք է տարբերել օրենսդիր և վերահսկիչ ֆունկցիան»,-ասաց նա և նշեց, որ վերահսկողությունն ամբողջովին կտրվի ընդդիմությանը։
Նա խոստացավ վերափոխել ողջ բյուջետային գործընթացը, որն ըստ նրա՝ սահմանվում է Սահմանադրության կոպիտ խախտումներով. «Եկամուտների չհաստատելը բերում է նրան, որ այդ ընթացքում կառավարությունը եկամուտները հավաքում է այնպես, ինչպես ուզում է»։
Բագրատյանը շեշտեց նաև ԱԺ դերի բարձրացման անհրաժեշտությունը, միջազգային կապերի ամրապնդումը՝ հատկապես հարևան երկրների հետ։
ԱԺ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին խնդրեց հարցեր ուղղել թեկնածուին, սակայն հարցեր չկային։ Շարմազանովը միայն նկատեց, թե «տիկին Զոհրաբյանը հիացած է ձեր ելույթով»։










