Սիրիան չի կարողացել ազատվել քիմիական զենքի ողջ պաշարից մինչ սահմանված վերջնաժամկետը
Սիրիան երկրի սահմաններից դուրս է բերել քիմիական զենքի 92%-ը, սակայն չի կարողացել մինչ սահմանված վերջնաժամկետը (2014թ. ապրիլի 27-ը) ազատվել քիմիական ողջ զինանոցից։ Ինչպես հայտնում է France 24-ը, այս մասին ասել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) սիրիական առաքելության ղեկավար Սիգրիդ Կաագը։
Այնուհանդերձ, Կաագը հույս է հայտնել, որ մինչ հունիսի 30-ն արաբական պետությունը կկարողանա ամբողջովին վերացնել քիմիական զենքը։
«Թեև Սիրիայի տարածքում մնացել է քիմիական զենքի պաշարների 7.5- 8%-ը միայն, սակայն մենք պետք է վստահ լինենք, որ այն ևս հեռացվելու է՝ հետագայում ոչնչացվելու նպատակով։ Հաջողությունն արդեն մոտ է. հարկավոր է դրան ընդառաջ վերջին քայլն անել»,-նշել է Կաագը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է վերացնել իր միջուկային զինանոցն անցած տարվա օգոստոսին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական հարձակումից հետո, որը դարձել էր 1.400 մարդու մահվան պատճառ։ Ակտիվիստներն ու միջազգային հանրությունը հարձակման համար մեղադրել են կառավարությանը, որը, սակայն, չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։










