«Вконтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը Սենթ-Կիթս և Նևիս Դաշնության քաղաքացի է դարձել
«Вконтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը ստացել է Կարիբյան ծովում գտնվող Սենթ-Կիթս և Նևիս պետության քաղաքացիություն, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Известия» թերթին: Թերթի տեղեկություններով՝ Դուրովը 250 հազար դոլար է նվիրաբերել այդ երկրի ձեռնարկություններից մեկին, ինչն իրեն մեխանիկորեն իրավունք է տվել քաղաքացիություն ստանալ:
Թերթի աղբյուրի տեղեկություններով, ով մոտ է «Вконтакте»-ի բաժնետերերին՝ Դուրովը դեռ փետրվարին էր փոխանցել այդ գումարը: Այլ տեղեկություններով՝ նա ձևակերպել էր այդ երկրի քաղաքացիությունը դեռ մեկ տարի առաջ, իսկ այժմ նույն գործընթացն է անցնում իր եղբայր Նիկոլայը՝ սոցցանցի նախկին տեխնիկական տնօրենը: Քանի որ քաղաքացիություն ստանալու դիմումը քննվում է երեքից վեց ամիսների ընթացքում, ապա հավանաբար Պավել Դուրովը ներկայացրել է դիմումը դեռ անցած տարի:
Անցած տարի «Вконтакте»-ի նախկին գլխավոր տնօրենը Facebook-ի իր էջում հարցում է անցկացրել, թե որ երկիրն ընտրել որպես նոր բնակության վայր: Դուրովը հեռացել է Ռուսաստանից իր զբաղեցրած պաշտոնից հեռացվելուց հետո:










