Կյանքն Իսրայելում կանգ է առել 2 րոպեով՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի (լուսանկարներ)
Այսօր Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է, ինչի կապակցությամբ կյանքը հրեական պետությունում 2 րոպեով «սառել է» (չի նշվում, թե ինչու 2 րոպե)։ Երթևեկությունը, հետիոտները կանգ են առել, ռադիոն ու հեռուստատեսությունը դադարեցրել են հեռարձակումը՝ ի հիշատակ ֆաշիստների մեղքով զոհված 6 մլն հրեաների։
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է տպավորիչ 2 րոպեները, որոնց ընթացքում վարորդները դուրս են եկել մեքենաներից ու լուռ կանգնել։
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իսրայելում ցեղասպանության օրն անվանում են Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի հրեաների աղետի և հերոսության օր:
Արարողությունները սկսվել են նախօրեին երեկոյան Երուսաղեմի Յադ վա-Շեմ հուշահամալիրում: Ներկաների թվում նացիստական ագրեսիան վերապրածներ են եղել:
Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրեաներին այս օրվա կապակցությամբ ցավակցել է նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը՝ ասելով, որ Հոլոքոստը ժամանակակից պատմության ամենամեծ հանցագործությունն էր:




















