Ռուս և ուկրաինացի օլիգարխները ներդրում են անում Լոնդոնի անշարժ գույքի շուկայում՝ պատժամիջոցների պատճառով. Financial Times
Ռուս և ուկրաինացի օլիգարխներն ավելի ակտիվ են սկսել ներդրում անել Լոնդոնի անշարժ գույքի շուկայում՝ միջազգային պատժամիջոցների պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին, որն էլ վկայակոչում է ռիելթորների։
JLL ընկերության մասնագետ Ադամ Չալիսի խոսքով՝ այդ միտումը նկատվում է 2014 թվականի սկզբից: Savills գործակալության գնահատականով՝ 2013 թվականին ռուսները Լոնդոնի անշարժ գույքի շուկայում ծախսել են 180 միլիոն ֆունտ ստեռլինգ: Շատ գործակալներ կարծում են, որ այս տարի այդ ցուցանիշը կտրուկ աճ կգրանցի: Իր հերթին՝ Property Vision-ում նշում են, որ վերջին երկու տարիներին Ռուսաստանից շատ հաճախորդներ «պարզապես ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անշարժ գույքի գնման հնարավորությունը», սակայն այժմ նրանք այդ հարցով ավելի ակտիվ են զբաղվում։
Նշվում է, որ շատ արևելաեվրոպացի գործարարներ նախկինի պես պահպանում են իրենց անանունությունը Լոնդոնում տուն գնելիս, և օֆշորային ընկերությունների օգտագործումը բարդացնում է միջազգային պատժամիջոցների կիրառումը։










