Միայն ԵՏՄ-ի գագաթնաժողովի արդյունքների հիման հնարավոր կլինի հայտարարություններ կամ եզրակացություններ անել. Մաքսիմ Սոկոլով
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության հարցին և վաղը Մոսկվայում կայանալիք՝ Եվրասիական միության հիմնադիրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախսատանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովին, հորդորեց սպասել:
«Վաղը այնտեղ մասնակություն է ունենալու նաև Սերժ Սարգսյանը: Գագաթնաժողովի արդյունքների հիման վրա միայն կարելի կլինի հայտարարություններ կամ եզրակացոթյուններ անել»,-ասաց նա:
Մաքսիմ Սոկոլովը նշեց, որ ամեն դեպքում՝ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների մեծ մասն իրականացված է, գրեթե ամբողջ ծավալի աշխատանքն ավարտին է հասցված:
«ՀՀ իշխանության՝ առաջ գնալու տեմպերն ուղղակի հիացմունք են պատճառում, այնքան արագ, պրոֆեսիոնալ և որակյալ են աշխատում պատվիրակությունները»,-ասաց նա:
Դիտարկամանը, թե Հայաստանը երրորդ երկրից ներմուծվող զգայուն ապրանքների ցուցակ էր ներկայացրել ՄՄ-ին, որոնց մաքսատուրքերը նվազեցնելու անհրաժեշտություն կա, արդյո՞ք արդեն որոշում կա, Սոկոլովը պատասխանեց.
«Բոլոր անդամ երկրները ըմբռնումով են մոտենում հարցին: Այդ գործընթացը դեռ ավարտին չի մոտեցել: Հանձնախմբերը ամեն դեպքում՝ շարունակում են իրենց աշխատանքները, և երևի 2015թ-ին բոլոր խնդիրները կարգավորված կլինեն»:
Հարցին՝ արդյո՞ք ռուսական ներդրումները Հայաստանում կնվազեն՝ հաշվի առնելով այն, որ ներկայում Ռուսաստանի տնտեսությունն իր լավագույն օրերը չի ապրում, Սոկոլովը պատասխանեց.
«Ես հույս ունեմ, որ բոլոր նախագծերը, որոնք այսօր իրականացվում են Հայաստանում ռուսական կապիտալի միջոցով, հաջողությամբ ավարտին կհասցվեն»:










