Սիրիական բանակը գրոհում է Քեսաբը
Սիրիական բանակն իր ռազմաօդային ուժերն ուղարկել է Թուրքիայի հետ սահման՝ Քեսաբ քաղաքում վերահսկողություն սահմանելու մտադրությամբ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Սիրիայում հայ համայնքի ներկայացուցիչներին և պաշտոնական սիրիական աղբյուրներին հղումով, բանակը շարժվում է դեպի Քարադուրան հովիտ, որը Քեսաբից 4 կմ հեռավորության վրա է գտնվում:
Հաղորդվում է, որ սիրիական բանակը որոշում է կայացրել օդային տեխնիկայի կիրառմամբ ռազմական գործողություններ իրականացնելու մասին` միայն հայոց Սփյուռքի թույլտվությունն ստանալուց հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինվորներն արդեն կոչ են արել քաղաքի բնակիչներին` վերադառնալ քաղաք ազատագրումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ թուրքական սահմանի մոտ գտնվող Քեսաբ քաղաքում մարտի 21-ին հարձակումներ են իրականացրել «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումները, որոնք քաղաք են մուտք գործել Թուրքիայի տարածքից: Հարձակումից հետո Քեսաբի և մոտական գյուղերի բնակիչները, որոնք մեծամասամբ հայեր են և մի քանի տասնյակ ալավիներ, լքել են իրենց տները՝ ապաստան գտնելով Լաթաքիայում:










