Տուրչինովը ստորագրել է Ղրիմն «օկուպացված տարածք» ճանաչող օրենքը
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքում քաղաքացիների իրավունքների և ազատությունների և իրավական ռեժիմի ապահովման մասին» օրենքը: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով նրա մամուլի ծառայությանը։
Օրենքը, որտեղ Ղրիմը և Սևաստոպոլը հայտարարվում են «օկուպացված տարածք», Գերագույն ռադայի կողմից ընդունվել էր ապրիլի 15-ին։
Համաձայն այդ ակտի՝ նման տարածքներ են «ճանաչվում նաև Ուկրաինայի ներքին ջրերը և տարածքային ծովը, տարածքային ծովի սահմաններում ստորջրյա տարածքը և դրանց շուրջ օդային տարածքը»։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն անջատվել է Ուկրաինայից և ընդգրկվել ՌԴ կազմում։










