ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 7 քաղաքացու և 17 ընկերության նկատմամբ
ԱՄՆ-ի իշխանություններն ընդլայնել են ՌԴ քաղաքացիների ու ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, հայտնում է РИА-Новости-ն։ Մասնավորապես՝ ցանկում ներառվել է 7 քաղաքացի և 17 ռուսական ընկերություն։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի խոսքով՝ պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու փաստով, ինչպես նաև Ուկրաինայի հարցում ռուսական կողմի դիրքորոշմամբ։
«Ապրիլի 17-ից Ռուսաստանը որևէ բան չի արել ժնևյան պայմանավորվածություններին հետևելու համար։ Այն ավելի շատ բորբոքել է ճգնաժամը»,-ասել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Մոսկվան անվիճելիորեն կապ ունի Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող բռնությունների հետ։
«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում 7 ռուս պաշտոնյա անձանց նկատմամբ, որոնց թվում 2 հոգի կա նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից։ Նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ մուտքը կարգելվի»,- ասել է Քարնին։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները որոշել էր պատժամիջոցներ սահմանել բարձրաստիճան ռուս քաղաքական գործիչների նկատմամբ, իսկ Եվրոպական միության արտգործնախարարները պայմանավորվել էին պատժամիջոցներ սահմանել այն ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց մեղավոր են համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար։










