Հայաստանը կանդամակցի ոչ թե ՄՄ-ին, այլ միանգամից ԵՏՄ-ին՝ միության ներկայացուցիչների ցանկությամբ. Վահագն Խաչատրյան
Եվրասիական տնտեսական միության մասնակիցների ներկայացուցիչների ցանկությամբ է, որ Հայաստանը անդամակցելու ոչ թե Մաքսային միությանը, ինչի մասին որոշում էր կայացրել ՀՀ նախագահը 2013թ-ի սեպտեմբերի 3-ին, այլ միանգամից Եվրասիական տնտեսական միությանը, որը կյանքի պետք է կոչվի 2015թ-ի հունվարից: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և նշեց, որ այն ինտեգրման ավելի բարձր աստիճան է և պետք է լիներ երկրորդ քայլը՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո:
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ենթադրվում է, որ բոլոր անդամ երկրներում հարկատեսակները պետք է նույնը լինեն: Վերջին տվյալներով, Ռուսաստանը արդեն իսկ ՄՄ-ի շրջանակներում կորցրել է 30 մլրդ դոլար, միայն այն պատճառով, որ Բելառուսի ու Ղազախստանի հարկային օրենսդրությունը ավելի նպաստավոր է, ավելի ցածր հարկադրույքաչափեր են գործում և բելառուսական ու ղազախական ապրանքները ռուսական շուկայում շատացել են: Եթե հիշում եք, իշխանությունը քննարկում էր ՀՀ-ն տրանզիտ երկիր դարձնելու հարցը՝ կապ հաստատելով ԵՄ-ի ու ՄՄ-ի միջև, մենք կարող էինք դա օգտագործել ու մրցունակ ապրանք ունենալ, բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են, թե ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ առավելություններ ունի:
«Հայաստանը կարող էր դառնալ տրանզիտ մի երկիր. օրինակ՝ Չինաստանի կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար դառնար հավաքման կետ, հիմա մեզ զրկում են այդ հնարավորությունից: Դա կբերի նրան, որ մենք ունենալով մոտ երեք անգամ ցածր կենսամակարդակ և ավելի դանդաղ աճող տնտեսություն՝ մեզ ավելի վատ վիճակի մեջ կդնի, քան Ռուսաստանին, որը բարձր կենսամակարդակ ունենալու արդյունքում, բարձր կենսաթոշակ ու աշխատավարձ է տալիս: Սա բերելու է գների բարձրացման»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ ներկայումս պատերազմ է ընթանում ՄՄ-ի ներսում՝ Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան, որովհետև, օրինակ, Ղազախստանի ակցիզային հարկատեսակները խմիչքի, ծխախոտի վրա ավելի ցածր են, քան Ռուսաստանինը, իսկ դա բերում է նրան, որ ղազախական ապրանքները գնում են ռուսական շուկա:
«Ռուս արտադրողներն էլ ասում են` ի՞նչ եք անում, մենք փակել էինք մեր սահմանը բարձր մաքսատուրքերով, որ ներքին արտադրությունը խթանենք, մեզ զրկում եք այդ հնարավորությունից, ու այդ հնարավորությունը տալիս եք Ղազախստանին ու Բելառուսին: Ի՞նչ տարբերություն մեզ համար եվրոպական երկրները, թե սրանք: Ռուսաստանը դրա համար անցնում է երկրորդ աստիճանին` Եվրասիական միությանը, որտեղ անդամ երկրներին ազատ տնտեսական քաղաքականություն վարելու իրավունքից զրկելու է, ու քանի որ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, խաղի կանոնները թելադրողն է լինելու, իսկ թելադրելու է իր շահից ելնելով»,- ընդգծեց տնտեսագետը:
Անդրադառնալով այս համատեքստում Հայաստանի առաջ ծառացող խնդիրներին՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում՝ ի տարբերություն Ռուսաստանի, մաքսատուրքերը 2.7 անգամ ցածր են, ինչը նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո դրանք բարձրանալու են:
«Մենք շուտով դրանք միանգամից կզգանք՝ մսամթերքի, դեղորայքի, առանձին արդյունաբերական ապրանքների ներմուծման հետ կապված»,- ասաց նա:
Նա չհամաձայնեց այն տարածված կարծիքի հետ, որ Ռուսաստանը այլևս չի ցանկանում, որ Հայաստանը դառնա անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ, քանի որ իր համար շահեկան չէ և նշեց, որ Ռուսաստանի համար բոլոր «մինուսները» «պլյուսներ» կարող են դառնալ:










