Ուկրաինան սկսել է «Գազպրոմի» դեմ դատական հայց ներկայացնելու գործընթացը. Յացենյուկ

17:53 • 28.04.14

Ուկրաինան սկսել է ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ միջազգային դատարան հայց ներկայացնելու գործընթացը, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշում է ИТАР-ТАСС-ը։

 

Նրա խոսքով՝ «Ուկրաինան պատասխան է ակնկալում «Գազպրոմից» 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում հայց կներկայացվի Ստոկհոլմում»։

 

«Կառավարությունն առաջարկում է «Գազպրոմին» հանդիպել չեզոք տարածքում՝ Լոնդոնում, և քննարկել բոլոր հարցերը։ Մենք կպաշտպանենք Ուկրաինայի շահերը բոլոր օրինական մեթոդներով, և լավագույն օրինական մեթոդը Ստոկհոլմի դատարանն է»,- ասել է Յացենյուկը։

 

Նա նաև հայտնել է, որ Կիևը պատրաստ է վճարել ռուսական գազի համար 268 դոլար։ «Մենք «Գազպրոմին» նոտա ենք հղել, որում նշել ենք, որ պատրաստ ենք վճարել 268 դոլար 1000 խմ-ի համար»,- նշել է Յացենյուկը։ Նրա խոսքով, եթե «Գազպրոմը» համաձայնի, ապա Ուկրաինան անհապաղ կմարի պարտքը, որը 2.2 մլրդ դոլար է։