ՀԱԿ-ը չի մասնակցի կառավարության առաջարկած և ոչ մի նախագծի. Արամ Մանուկյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանից «Կուտակային կենսաթոշակային համակարգի» վերաբերյալ առաջարկվող աշխատանքների շուրջ փոխհամաձայնեցված աշխատելու հրավեր է ստացել, սակայն չի մասնակցի կառավարության առաջարկած և ոչ մի նախագծի:
«Նախ ուզում եմ ասել, որ «փոխհամաձայնություն» բառ չկա, ճիշտը «համաձայնություն» բառն է և հետո ասեմ, որ մենք դեմ ենք այս առաջարկին և կուտակայինի հետ կպված մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք հակասահամանադրական ենք համարել օրենքի պարտադիր բաղադրիչը և մեր որոշումը չի փոխվել»,- ասաց Մանուկյանը:
«Վերջին օրերի կառավարության նշանակումները ցույց են տալիս, որ ոչ մի բան չի փոխվել կառավարության դիրքորոշման մեջ և պատկերը ցույց է տալիս, որ նշանակում են կոռումպացված և վարկաբեկված մարդկանց»,- ասաց նա և հավելեց, որ կառավարության ներկա գործողությունները տեղավորվում են Նախագահ Սերժ Սարգսյանի գծած շրջանակի մեջ։
«Առաջինը՝ չեն քննադատում Տիգրան Սարգսյանի կառավարությանը և երկրորդ` չեն կպնում Տիգրան Սարգսյանին»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ իրենք կառավարության հրաժարականը միայն Տիգրան Սարգսյանի հեռանալու համար չէին պահանջում, այլ նաև նրա գործողությունների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու համար։
Նա նշեց, թե մասնավորապես, պետք է բացահայտել օֆշորային սկանդալը, գազային պայմանագրերի և Որոտանի ՀԷԿ–ի գործարքները։ Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ որևէ վարչապետ չի կարող ինքնուրույն լինել և չի կարող շեղվել այն գծից, որը գծել է իշխող վարչակարգը։
«Եվ որևէ մեկդ, անգամ Ավետարանը ձեռքներդ մտնենք կառավարություն, չեք կարող փոփոխություններ անել: Միամիտ են նրանք, ովքեր կարծում են, որ որևէ կառավարություն կարող է իրականացնել ծրագրեր` առանց իշխանության»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ հենց դա էլ հաշվի առնելով՝ իրենք որևէ կառավարության հետ գործակցության չեն պատրաստվում գնալ:










