Al Jazeera հեռուստաընկերությունը 150 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսի դեմ
Կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը հայց է ներկայացրել Եգիպտոսի կառավարության դեմ՝ 150 մլն դոլար պահանջելով անցած տարվա հուլիսից ի վեր երկրում զինվորականների հասցրած վնասի դիմաց։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս քայլն ավելի կխորացնի Եգիպտոսի անցումային կառավարության ու Կատարի միջև առկա լարվածությունը։ Աղբյուրը մանրամասնում է , որ Կատարը Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի ու նրա «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցն էր։ Եգիպտոսը մեղադրել է արբանյակային ցանցին «Մուսուլման եղբայրների» համար տեղեկատվական հարթակ հանդիսանալու ու այդ շարժման քարոզչությունն անելու համար։
Al Jazeera-ի հայցում նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները 2013թ. Մուրսիի տապալումից հետո արշավ են սկսել հեռուստաընկերության լրագրողների դեմ։ Հայցում նշվում է նաև, որ Al Jazeera-ն խոշոր ներդրումներ է արել Եգիպտոսում, որոնք այդ արշավի հետևանքով լուրջ վնասներ են կրել։
Հաղորդվում է, որ, եթե կողմերը համաձայնության չգան 6 ամսվա ընթացքում, ապա Al Jazeera-ն կդիմի միջազգային միջնորդ դատարան։










