Ցեղասպանության ճանաչումը պետք է նետենք պատմության գիրկը, պետք է պահանջել դատապարտում և հատուցում. պատմաբան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում խոսելով «Ցեղասպանության հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում»՝ ասաց, թե Ցեղասպանության ճանաչումն առանց հատուցման և դատապարտման՝ գրոշի արժեք չունի:
«Այսօրվա թուրքական ղեկավարության պայմաններում ամեն անգամ փորձ է արվում գտնել զարտուղի ճանապարհ՝ գլխավոր խնդրից մոլորեցնելու համար. դա հատուցումն է: Պետք է իրավական ճանապարհով ընթանան բոլոր հարցերը, այնպես՝ ինչպես հրեական Հոլոքոստի պարագայում էր»,-ասաց Աշոտ Մելքոնյանը՝ շարունակելով, թե եթե հատուցման ճանապարհով չգնա ամեն ինչ, ապա անկլավային իրավիճակում ՀՀ-ն միշտ խնդիրներ է ունենալու:
Պատմաբանն ասաց, թե մենք մեր մարտավարությունը պետք է արմատապես փոխենք, ճանաչումը ուղարկենք պատմության գիրկը, սկսենք դատապարտումով և ավարտենք հատուցումով:
«Սովետական Միության տարիներին փոխանակ պահանջեինք մեր հողերը, ինչպես 1965 թվականին՝ Ցեղասպանության 50-ամյակին Երևանի փողոցներում խոսում էին՝ մեր հողերը, մեր հողերը, այլ ընկանք Թուրքիայի լարած թակարդը և առաջ քաշեցինք Ցեղասպանության ճանաչման հարցը»,-իր խոսքում ասաց Աշոտ Մելքոնյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Աշոտ Մելքոնյանն ասաց, որ եթե մի օր Թուրքիան դրանք վավերացնի, կստացվի այնպես, թե մենք էլ պետք է վավերացնենք, բայց լավ է, որ Հայաստանի իշխանությունները կարծեք թե իրենց վերաբերմունքը փոխել են այս հարցի վերաբերյալ:
«Խանդավառ չեմ թուրք մտավորականների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերով, դրանք ոգևորիչ են, բայց այդտեղ վտանգավոր միտումներ կան»,-ասաց պատմության ինստիտուտի տնօրենը՝ շարունակելով, թե այսօրվա Թուրքիան իր մերժողական կեցվածքով ուղղակի հաստատում է, որ ինքն իրավահաջորդն է Օսմանյան կայսրության:










