Ճանապարհային ոլորտը կարգավորող խորհուրդն առաջին նիստն է գումարել

22:47 • 29.04.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծված՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը:

 

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Անուշավան Այվազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ:

 

Ինչպես հայտնում են նախարարությունից՝ խոսելով ճանապարհային խորհրդի ստեղծման կարևորության մասին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ խորհրդի գործունեությունը հնարավորություն կտա թափանցիկ և խիստ որոշակի չափանիշների հիման վրա որոշել ճանապարհային ոլորտում կատարվող ներդրումների առաջնահերթությունը:

 

«Ճանապարհային ոլորտը կարգավորող հանձնաժողովի առաջին նիստում մենք քննարկման կներկայացնենք մեր ռազմավարությունը, և համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ փորձն ու առաջարկությունները ներդնելով հանձնաժողովի աշխատանքներում՝ ապագայում կկարողանանք արդյունավետ աշխատել»,-ասել է Գագիկ Բեգլարյանը:


Խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգի նախագիծը, մշակված փաստաթղթի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտողությունները: