Բեռլինը հերքել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակման համար հատուկ նշանակության ջոկատ ներգրավելու մասին տեղեկությունը

16:16 • 29.04.14

Գերմանիայի կառավարությունը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե Ուկրաինայի արևելքում առևանգված ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակման համար ներգրավվել է բունդեսվերի KSK (Kommando Spezialkräfte) հատուկ նշանակության ջոկատը, գրում է Deutsche Welle-ն։

 

«KSK հատուկ ստորաբաժանումը բարձր պատրաստվածության վիճակի չի բերվել, այն չի ստացել ոչ մի հատուկ հանձնարարություն՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ Bild թերթը՝ անանուն աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ բունդեսվերի KSK և ոստիկանության GSG 9 հատուկ ստորաբաժանումները բարձր պատրաստվածության են բերվել։ Դրա հիման վրա թերթը եզրակացրել էր, որ ստորաբաժանումները կարող են ներգրավվել հատուկ գործողությանը: Թերթի տեղեկություններով՝ մի քանի ժամվա ընթացքում դրանք կարող են ուղղվել Ուկրաինա՝ գերիներին ազատ արձակելու գործողությանը մասնակցելու համար։ Bild-ը նշել է, որ մինչ այժմ անջատողականների հետ բոլոր բանակցություններն ապարդյուն են ավարտվել։