101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

12:31 • 29.04.14

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրության՝ փակ գաղտնի քվեարկությունը։

 



14.39

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունից հետո տեղեկացրեց, որ 101 կողմ և 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվել «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Երկրորդ թեկնածու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օգտին կողմ քվեարկած քվեարթերթիկների թիվը 3-ն է, իսկ դեմ՝ 101-ը։

Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, այսինքն առկա է եղել 106 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվել է անվավեր։ 

Երբ Գալուստ Սահակյանը մոտեցավ ԱԺ նախագահություն՝ իր տեղը զբաղեցնելու, ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը շնորհավորեցին և սեղմեցին գործընկերոջ ձեռքը, դահլիճից հնչեց՝«մի հատ պաչեք»:

Հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավորների թիվը 131 է, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ը, «Հայ ազգային կոնգրեսը»-ը և  «Ժառանգություն»-ը չեն մասնակցել քվեարկությանը, իսկ Հրանտ Բագրատյանին կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ըստ ամենայնի` Հրանտ Բագրատյանն ինքը, ապա ստացվում է, որ Գալուստ Սահակյանի օգտին են քվեարկել «Հանրապետական», ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորները։ 

 



14.08

«Հանրապետական» խմբակցության կողմից առաջադրված Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիրների պնդումները, թե ԱԺ նախագահի ընտրությունը ձևական գործընթաց է, ըստ այդմ էլ բոյկոտում են, նշեց, թե չի կարծում, որ ճիշտ են, քանի որ Հանրապետական կուսակցությունը, լինելով քաղաքական մեծամասնություն, իրեն է առաջադրել։


Իսկ թե այն, ինչ տեղի ունեցավ հաշվիչ հանձնաժողովում, երբ մի քանի ժամում որոշվեց ՀՀԿ-ականների թիվը ավելացնել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե, բնականաբար, ճիշտը էր այդ որոշումը։ «Որովհետև եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա ո՛չ պետք է ԱԺ նախագահ ունենանք, ո՛չ հանաձնաժողովների նախագահններ և այդպես շարունակ»,-նշեց նա։

Հարցին, թե դա ցույց չի՞ տալիս, որ ՀՀԿ-ն ինչ ցանկանում, դա էլ անում է, նա պատասխանեց. «Դրա համար իրենց մասնակցությունը պետք է ապահովեին, որ վերհսկողությունն ավելի լավ լիներ, առավել ևս, որ հաշվիչ հանձնաժողովում, ինչպես մյուս հանձնաժողովներում, պետք է կառուցվածքը նույնը լիներ, և բացի այդ, մեկ խնդիր ունի՝ հաշվել ձայները»։

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է գնահատում իր մրցակցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Բարձր եմ գնահատում այն առումով, որ մասնակցում էր, և ես կարծում եմ, որ պետք է ավելի թեկնածուներ լինեին»։

Դիտարկմանը, թե միևնույնն է՝ նրանք շանս չունեն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մտածո՞ւմ եք, թե իմ շանսերը միշտ եղել են, որ անընդհատ պայքարի մեջ եմ մտել, պայքարողը պետք է մի փոքր մարտիկի կարգավիճակ ունենա և հնարավոր չի պայքարները բոլոր տիպի հաղթել։ Բայց Բագրատյանի քայլը ես դրական եմ համարում, հնարավորություն տվեց, որպեսզի ավելի բնական գործընթացն ապահովվի, և եթե ես առավել ձայներ ունենամ, բնականաբար, նաև Բարգրատյանի շնոհիվ է, քանի որ գիտակցում եմ, որ պայքարը ավելի է ամրանում»,-նշեց նա։



13.49


ԱԺ նախագահի թեկնածուններից Հրանտ Բագրատյանը քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչու չէր համաձայնեցրել իր թեկնածությունը խմբակցության հետ։
 

«Հասկացե՛ք , ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, ես էլ եմ ՀԱԿ, բայց այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա, չի կարելի նույնացնել ՀԱԿ կուսակցության նույն ներկայացուցիչներին խմբակցության հետ»,- նշեց նա։


Իսկ թե ինչու իր գործընկերնները ամեն դեքպում հրաժարվելով մասնակցել քվեարկությնը, չաջակցեցին Բագրատյանին, պատասխանեց. «Իրենց հարցրեք, աջակցեն, չաջակցեն»։


Հարցին, թե ինչու ամեն դեպքում Բագրատյանը որոշեց մասնակցել այս «ձևական գործընթացին» և առաջդրել իր թեկնածությունը, պատգամավորը պատասխանեց. «Ձեր համար եմ դրել ... որ էս երկիրը երկիր դառնա, հասկանո՞ւմ եք էսքան բանը»։


Ի պատասխան հարցի, թե ինչքան քվե է իր օգտին սպասում, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Ինձ «վափշե» չի հետաքրքրում քվեն, հետաքրում է մասնակցությունը»։





13.25

Քվերակությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հարգում է ՀԱԿ-ի որոշումը՝ չմասնակցել քվեարկությանը, բայց քանի որ առաջարվել է Հրանտ Բագրատյանը, ինքը չէր կարող չմասնակցել։


«Թեև Բագրատյանի առաջադրումն ինձ համար էլ անակնկալ էր, բայց տվյալ դեպքում գալ և քվեարկել Բագրատյանի օգտին, ինձ համար բարոյական պարտք էր»,- ասաց նա։




12.52

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցության անդամներն ազատ են իրենց ընտրության հարցում։

«Օրինաց երկիր» խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը նույնպես նշեց, որ իրենց խմբակցության անդամները ազատ են իրենց ընտրության հարցում։

«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրելիս չէր խորհրդակցել խմբակցության հետ։

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր պետք որոշում կայացնի, սակայն այս պահին «Ժառանգություն»-ից դեռ ներկայացուցիչներ չկան։



12.31

Ազգային ժողովում սկսվել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ Մինչ այդ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ժամը 12:30-ից մինչև 13:30-ը ԱԺ-ում կանցկացվի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկություն։

Նա հիշեցրեց, որ գրանցված թեկնածուները երկուսն են՝ Հրանտ Բագրատյան և Գալուստ Սահակյան։

ՀՀԿ պատգամավորը նաև ներկայացրեց ընտրության կարգը, ըստ որի՝ քվեաթերթիկում երկու անուն է, և պատգամավորները պետք է ուղղակի գիծ քաշեն այն թեկնածուի անվան վրա, որին կողմ չեն։

«Կողմ և դեմ չկա, երկու անուն է, որին կողմ եք, մյուսի վրա գիծ եք քաշում»,-բացատրեց նա։

Հիշեցնենք, որ «Հանրապետական» խմբակցությունը երեկ արտահերթ նիստ անցկացրեց՝ փոփոխելով ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգը, քանի որ բոլոր մյուս հինգ խմբակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ինչպես նաև «Օրինաց երկիր»-ը հրաժարվել էին ԱԺ նախագահի փակ ընտրություններին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։