Հայաստանի մասով որոշում չի ընդունվի. անակնկալները չեն բացառվում. կարծիքներ Եվրասիական տնտեսական համաժողովին ընդառաջ
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կասկածում է, որ այսօր Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովում Հայաստանի վերաբերյալ որևէ այլ որոշում կընդունվի, ընդամենը կարձանագրվի առաջընթացը, կքննարկվի ճանապարհային քարտեզի իրականացման կարգը: «Վերջին հաշվով աշխատանքների շուրջ 70%-ը կատարվել է, բայց հիմնական խնդիրները, որոնք դրված են Հայաստանի առաջ, մնում են չլուծված, և ես մեծ կասկածներ ունեմ, որ դրանք կլուծվեն կամ կլուծվեն գոնե այս ընթացքում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Խոսքը միանգամայն տարբեր մաքսային ռեժիմին անդամակցելու մասին է, որը, ըստ Սաֆարյանի, Հայաստանում բերելու է լուրջ տնտեսական ցնցումներ, և Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող ուղղակի իրեն նման շռայլություն թույլ տալ՝ թանկացնել ամբողջ ապրանքատեսակները՝ չունենալով փոխհատուցումներ, ինչպես նաև չունենալով երաշխիքներ, որ այդ դեպքում ինքը լուրջ տնտեսական ակնկալիքներ կարող է ունենալ:
«Հայաստանն ընդհանուր սահման չունի ՄՄ-ի հետ, և իրավիճակն ավելի է բարդանում, երբ Վրաստանն անդամակցի Եվրոպական տնտեսական գոտուն, չափազանց բարդանում է հարցը, թե այդ դեպքում Հայաստանն ինչ մաքսային տրադիցիաներ կարող է կիրառել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս խնդիրները թույլ չեն տալու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին խոսել: Եթե դրանք լուծված լինեին, հենց այսօր պետք էր անդամակցության հարցն առավելագույնս ճշգրտվեր:
Նա նաև հիշեցրեց ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությունը, որ այսօր պետք է ստորագրվեր անդամակցության փաստաթուղթը, ինչը հերքվեց իր կողմից. «Նա ստիպված եղավ հերքել այդ հայտարարությունը, որովհետև հայտարարելով չէ, որ այդ խնդիրները պետք է լուծվեն»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հիմա մի փոքր հակասական իրավիճակ է առաջանում, վերջին շրջանում ՄՄ-ին անդամակցող երեք երկրները բանակցում էր նաև նոր մաքսային օրենսգրքի շուրջ, այսինքն՝ Հայաստանը չի կարող անդամակցել մի բանի, որը մայիսին կարող է փոխվել կամ գոյություն չունենալ: «Հետևաբար ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ Հայաստանի համար իրատեսական չէ որևէ բանի միանալը: Այլ բան է, որ ճնշումներ լինեն Հայաստանի նկատմամբ, բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանին կդրդի նման խելահեղ քայլի՝ տնտեսական անկայունության»,- ասաց նա:
Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասին վերջին հայտարարությունը՝ Սաֆարյանը նկատեց, որ պաշտոնական Երևանը գիտակցելով բոլոր հնարավոր ռիսկերը, գտնում է, որ Եվրասիական տնտեսական միավորմանն անդամակցելով երկիրը կհայտնվի մի նոր իրավիճակում, և Արևմուտքը միանգամայն կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. «Սա փորձում է ուղղակի որոշակիություն մտցնել բավական երկար անորոշության մեջ խարխափող Հայաստան-Եվրոպա հարաբերություններում: Սա նշանակում է «և, և»-ի քաղաքականության շարունակումը»:
Թե ինչ տեղի կունենա համաժողովին, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ խորհուրդ տվեց ճշտել պաշտոնական մարմիններից՝ կրկին հիշեցնելով Վահրամ Ավանեսյանի հայտարարությունը, ինչպես նաև չբացառեց, որ բանակցություններն այս պահին նույնպես շարունակվում են, և չի բացառվում, որ համաժողովին հնչեն հայտարարություններ, որոնց մասին դեռ չի խոսվել: Իսկ անակնկալներ հնարավոր են ոչ միայն Հայաստանի մասով, այլ նաև ՄՄ անդամ երկրների մասով, քանի որ սա Ղրիմի և Ուկրաինայի դեպքերից հետո նախագահների առաջին հանդիպումն է:
«Գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Հայաստանը փորձում է անդամակցել մի միության, որը դեևս գտնվում է կազմավորման փուլում, և հիմնադիր անդամ երկրների միջև կան լուրջ քաղաքական խնդիրներ: Բայց կոնկրետ Հայաստանի դեպքում այսօր պարզ կլինի՝ Հայաստանը ՄՄ-ին է անդամակցելու, թե՝ այլ կազմակերպության, որը պետք է փոխարինի ՄՄ-ին»,- ասաց նա:
Խնդիրների մասով քաղաքագետը ևս նշեց, որ հասկանալի է՝ մոտեցումների մերձեցման առումով ինչ-որ քննարկումներ գնում են, մասնավորապես ապրանքների գների մասով, իսկ երկրորդ խնդիրը հենց այն է, որ բուն անդամ երկրները դեռ չունեն հստակ մոտեցում, թե ինչպես են պատկերացնում այդ համագործակցությունը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, քաղաքագետն ասաց, որ դա փորձ է առաջարկել եվրոպացիներին, որ Հայաստանը կարող է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական մասով շարունակել համագործակցությունը՝ հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական հարաբերությունները հետխորհրդային տարածքում: «Հայաստանն այդ քաղաքականությունը շարունակում էր նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի ունեցավ սեպտեբերի 3-ի հայտարարությունը: Եթե Հայաստանն այլ մոտեցում ձեռք բերեր այդ ժամանակ, գուցե և լիներ այդ «կամ, կամ»-ի քաղաքականությունը»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը:










