Նորվեգիան կվերստեղծի տխրահռչակ «մարդկային կենդանաբանական այգին», որտեղ ցուցադրվում էին սևամորթները

17:20 • 29.04.14

Նորվեգացի 2 արվեստագետ կառավարության ֆինանսավորման միջոցով պատրաստվում են վերստեղծել 20-րդ դարի սկզբին Օսլոյում գոյություն ունեցած տխրահռչակ «Մարդկային կենդանաբանական այգին» (Kongolandsbyen), որտեղ կենդանիների փոխարեն ցուցադրվում էին սևամորթները։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, արվեստագետների կարծիքով՝ նախագիծը կօգնի ժամանակակից նորվեգացիներին առերեսվել իրենց գաղութատիրական անցյալին։ Որոշ հակառասիստական կազմակերպություններ քննադատել են այս նախագիծը՝ ասելով, որ այն զուրկ է մշակութային որևէ արժեքից ու շատ վիրավորական է։ Սակայն կազմակերպիչների խոսքերով՝ իրենք ցանկանում են հասարակության ուշադրությունը հրավիրել գաղութատիրության ու ռասիզմի թեմաների քննարկման վրա։

 

Նշվում է նաև, որ նախագիծն իրականացվելու է Նորվեգիայի սահմանադրության ընդունման 200-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։ «Մարդկային կենդանաբանական այգին» բացվելու է մայիսի 15-ին՝ Օսլոյում։
 

1914թ. բացված Kongolandsbyen-ը գոյատևել է 4 ամիս՝ եվրոպացիների համար ծառայելով որպես ժամանցի վայր, որտեղ նրանք գալիս էին «հետամնաց» աֆիկացիների տեսնելու համար։ Այգում ցուցադրվել է 80 սևամորթ։