Քեսաբի համար մարտերը շարունակվում են, իսկ Հալեպում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

11:30 • 29.04.14

Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանում և հարակից շրջաններում թեժ մարտերը շարունակվում են։

Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է ծովի կողմից գրոհել Քեսաբը և ազատագրել ծովափնյա որոշ կարևոր շրջաններ, սակայն ավանն ամբողջությամբ գրավելու և հայերի վերադարձի մասին դեռ վաղ է խոսել։

Իսկ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում 12 օր տևած ամբողջական հոսանքազրկումից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։

 

Ինչպես տեղեկացնում են Tert.am-ի Հալեպի աղբյուրները, քաղաքում երեկ համեմատաբար հանդարտ է եղել, սակայն դրան նախորդող օրերին հրթիռակոծությունների ձայներ հաճախակի են լսվել։

 

Հալեպում համեմատաբար կարգավորվել է նաև սննդի հարցը, որն օրեր առաջ տեղի ունեցած շրջափակման ընթացքում տագնապի պատճառ էր դարձել. այդ ընթացքում, հատկապես՝ Սուրբ Զատկի օրերին, սնունդ հայթայթելը բավական դժվար է եղել։

 

Այժմ թեև քաղաքում վառելանյութ կա, սակայն մեքենաները բենզինի համար հսկայական հերթեր են կանգնում, իսկ հեղուկ գազի բալոն գտնելը գրեթե հնարավոր չէ։