Այս տարի Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի ևս մի քանի կենդանատեսակներով, Գրանդ փիղն էլ կտեղափոխվի Թբիլիսի. այգու տնօրեն
Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ ի՞նչ նոր ծրագրերով է այս անգամ հանդես գալու կենդանաբանական այգին, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց, թե Երևանի քաղաքապետարանն զգալիորեն աջակցում է 2014 թվականին այգու բարեփոխումների ծրագրերին, ինչի շնորհիվ կենդանաբանական այգին այժմ ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ այս տարվա ընթացքում իրականացնելու մի քանի առավել հրատապ ծրագրեր՝ ավարտին հասցնել վագրերի նոր ազատավանդակի կառուցումը, գործարկել անասնաբուժական կլինիկան:
«Բացի այդ, կենդանաբանական այգու՝ 2014թվականի բյուջեով որոշակի գումար է նախատեսված մանկական կենդանաբանական այգու ստեղծման, ինչպես նաև՝ դեռևս 1980 թվականից անավարտ մնացած նախագծի հիման վրա առյուծների նոր ազատավանդակի կառուցման համար, որի համար կպահանջվի առնվազն՝ երկու տարի»,-նշեց կենդանաբանական այգու տնօրենը:
Նրա խոսքով՝ այս տարի կան բազմաթիվ նպատակներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել միայն հավելյալ ֆինանսական աջակցության շնորհիվ. խոսքը հատկապես արջերի և գայլերի համար նախատեսված ապաստարանի կառուցման մասին է, որն իրենից ներկայացնելու է շուրջ 6 հա տարածք զբաղեցնող հսկայական բնական միջավայր:
Նշենք, որ Երևանի և Թբիլիսիի կենդանաբանական այգիների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում (15.02.2012թ.) Երևանի կենդանաբանական այգին ձեռք էր բերել նոր բնակիչ՝ 3 տարեկան արու Հարավ-ամերիկյան ընձառյուծ:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այլ կենդանիներով ևս համալրվի այգին, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց. «Այս տարի Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի մի քանի կենդանատեսակներով ևս. Սուրիկատներ՝ 2 առանձնյակ, Կապիբարա՝ 2 առանձնյակ, Մարա՝ 2 առանձնյակ, Կատվային վարիներ 5 առանձնյակ:
Ռուբեն Խաչատրյանը նշեց նաև, որ Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր բարեկարգման աշխատանքներ իրականացնել Երևանի կենդանաբանական այգում, որի շրջանակներում իրականացվել է կանաչապատում, ծառատունկ, էտման աշխատանքներ, ինչպես նաև ճաղավանդակների, արգելապատնեշների, պատերի ներկում և մասնակի ասֆալտապատում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշն ասել էր, թե կարևոր և ճիշտ էր համարում փղի տեղափոխումը Թբիլիսիի կենդանաբանական այգի:
«Շատ կարևոր և ճիշտ հարց է համարվում փղի տեղափոխումը Թբիլիսիի կենդանաբանական այգի, և մատնանշում ենք երեք հիմնական պատճառ. առաջին՝ Գրանդ փիղը Թբիլիսիի կենդանաբանական այգում կունենա զուգընկերուհի, երկրորդ՝ սերունդ կտա, և երրորդ՝ վիրահատական միջամտության կենթարկվեն փղի ժանիքները: Թոբիաս Դորնբուշն օրական երկու անգամ երկու ժամ շարունակ աշխատում է Գրանդ փղի հետ: Փղի տեղափոխությունը նախատեսվում է իրականացնել մայիս ամսվա ընթացքում, սակայն մինչ այդ փղի անվտանգ տեղափոխության համար հատուկ թրեյնինգներ են իրականացվում, որպեսզի փիղն ընտելանա կոնտեյներին, որով պետք է անվնաս իրականացվի տեղափոխությունը»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը:










