Մենք առանց այն էլ ոչ թե աշխատավարձ ենք ստանում, այլ՝ աղքատավարձ. ուսուցիչները դեմ են պարտադիրին (տարբերակ 4, տեսանյութ)
17.16
Ցուցարարներին մոտեցավ նաև Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, ով նույնպես նրանց հաղորդեց, որ նախարարը սպասում է իրենց և ցանկանում է հանդիպել:
Սակայն աշխատակազմի ղեկավարին ցուցարարները դիմավորեցին սուլոցներով և «հե-ռա-ցիր» վանկարկումներով:
Մհեր Ղազարյանն ասաց, որ նախարարը խորհուրդ է տալիս իր հետ քաղաքակիրթ ձևով քննարկել հարցը, ինչին ի պատասխան ուսուցիչներն ասացին, որ իրենք քննարկելու բան չունեն, պահանջում են կասեցնել «կուտակայինի» վճարումները:
16:57
ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մոտեցավ բողոքող ուսուցիչներին և խնդրեց բարձրանալ նախարար Արմեն Աշոտյանի մոտ՝ քննարկելու խնդիրները:
«Կուտակայինի» դեմ բողոքողները հրաժարվեցին բարձրանալ նախարարի մոտ՝ պահանջելով, որ նախարարն ինքն իջնի և հանդիպի իրենց, պատասխանի հուզող հարցերին:
Քննարկման ժամանակ ցուցարարներից մեկը հայտարարեց, թե նախարար Աշոտյանը Facebook մտնելու ժամանակ ունի, իսկ իրենց մոտենալու ժամանակ չունի՞: Արթուր Բաղդասարյանը հեռացավ, իսկ ուսուցիչները նախարարության դիմաց շարունակում են վանկարկել «Պա-հան-ջում ենք»:
16։44
Մի խումբ ուսուցիչներ և գիտական ոլորտի աշխատակիցներ այս պահին ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց սկսել են իրենց բողոքի ակցիան:
«Եթե այսօր դպրոցներ չկառուցենք, ապա վաղը ստիպված կլինենք բանտեր կառուցել», «Այսօր ուժով փակելով ուսուցչի բերանը՝ ուզում են փակել մի ողջ սերնդի բերան», «Մի՛ ստրկացրեք մանկավարժներին», «Հե’տ տվեք մեր փողերը» գրություններով պաստառներ պարզած նրանք լրագրողներին են ներկայացնում իրենց դժգոհություններն ու բողոքները:
Երևանի թիվ 52 դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այստեղ են Կրթության և գիտության նախարարից պահանջելու կատարել ՀՀ բարձրագույն դատարանի որոշումը:
«Մենք առանց այն էլ ոչ թե աշխատավարձ ենք ստանում, այլ՝ աղքատավարձ: Նախարարը հիմք ընդունելով նախկին վարչապետի որոշումը՝ մեզ վրա հրահանգ է իջեցրել, որպեսզի պահեն պարտադիր կուտակայինի վճարները»,- ասաց նա, ընդգծելով, թե գաղտնիք չէ, որ բոլոր դպրոցների տնօրենները Հանրապետական կուսակցության անդամներ են և հնազանդորեն կատարում են այդ որոշումները:
Նա նաև ասաց, որ իրենք պատրաստ են գործադուլ անել, եթե նրանց պահանջները չկատարվեն:
Կրթության և գիտության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ այսօր բողոքի ցույց են կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց՝ պահանջելով նախարարից պարտադիր կուտակայինի հարցում ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը
Ակցիայի մասին նախապես տարածված հաղորդագրության մեջ գրված է. «Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ, ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3:
Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին, և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները»:










