Ամերիկացի նախկին օդաչուն պնդում է, թե գտել է մալայզիական անհետացած ինքնաթիռի բեկորները
Նյու Յորքում բնակվող նախկին օդաչու Մայքլ Հոբելը հաղորդել է, որ ուսումնասիրել է հազարավոր արբանյակային լուսանկարներ և եզրակացրել, որ գտել է անհետացած մալայզիական ինքնաթիռի բեկորները՝ Թաիլանդի ափերի մոտ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Տամարդու խոսքով՝ ինքն ուսումնասիրել է մի քանի հազար արբանյակային լուսանկար www.tomnod.com կայքում, որտեղ սովորական ինտերնետ օգտագործողները լուսանկարներ կիսելու հնարավորություն ունեն։
Նա եկել է եզրահանգման, որ լուսանկարներից մեկում երևացող օբյեկտը կորած ինքնաթիռն է։ Նա այդ մասին հաղորդել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդին, սակայն պատասխան չի ստացել։
Նրա գտած լուսանկարն արվել է ինքնաթիռի անհետացումից մի քանի օր անց։ Նախկին օդաչուն ինքնաթիռի չափերը համեմատել է լուսանկարում առկա օբյեկտի չափերի հետ, և դրանք համընկել են։
Նախօրեին Ավստրալիայի վարչապետը հաղորդել էր, որ Հնդկական օվկիանոսում ինքնաթիռի որոնումների նոր փուլ է սկսվում, և ստորջրյա որոնումները կընդլայնվեն։
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777-200 ինքնաթիռը, որը Կուալա Լումպուրից ուղևորվում էր Պեկին, ռադարների տեսադաշտից անհետացել է մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել է 239 մարդ։










