Մի՞թե չեք ամաչում. Ռուսաստանի ԱԳՆ-ն` ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների մասին

15:12 • 29.04.14

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Եվրոպական միության կողմից ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ նկատելով, որ դա կհանգեցնի հարաբերությունների սառեցմանը։

 

«Կիևի հանցախմբին Ուկրաինայի Հարավ-արևելքի հետ բանակցային սեղանի շուրջ նստեցնելու փոխարեն՝ մեր գործընկերները կատարում են Վաշինգտոնի ցանկությունն ու անբարյացակամ քայլեր են անում ընդդեմ Ռուսաստանի։ Բրյուսելի գործողություններն ակնհայտ ապացուցում են, որ ԵՄ-ն ընդհանրապես պատկերացում չունի Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մի՞թե նրանք չեն ամաչում», – նշվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 15 անձանց ցանկում են հայտնվել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ղրիմում նախագահի մշտական ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելևը, Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն, Ղրիմի Հանրապետությունից Դաշնային խորհրդի անդամ Օլգա Կովատիդին, Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան, Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունը։

 

Իսկ նախօրեին Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 7 քաղաքացու և 17 ռուսական ընկերություն։ Արդյունքում այժմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում կա 50 ռուս, ղրիմցի ու ուկրաինացի քաղաքական գործիչ ու ձեռնարկատեր։