Ռուսաստանը հետ է կանչել Ուկրաինայի հետ սահմանին զորավարժություններ անցկացնող զորքին

08:44 • 29.04.14

Կիևի իշխանությունների հայտարարությունից հետո, որ ուկրաինական բանակը չեն օգտագործի անզեն բնակիչների դեմ, ռուսական զորքերը վերադարձել են իրենց տեղակայման վայրերը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է Интерфакс-ը։

 

«Երբ ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր չեն օգտագործել զինված ուժերն անզեն բնակչության դեմ, այդ ժամանակ ռուսական ստորաբաժանումները վերադարձան իրենց մշտական տեղակայման վայրեր»,- հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Հեյգելի հետ հեռախոսազրույցում Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ խիստ ուժային գործողությունների հեռանկարը ստիպել է ռուսական կողմին խոշոր զորավարժությունների մասին հայտարարել Ուկրաինայի հետ սահմանին։

Նախարարի խոսքով՝ ռուսական զորավարժություններից առաջ «ահաբեկչության դեմ պայքարի» պատճառաբանությամբ Կիևի իշխանություններն Ուկրաինայի հարավ-արևելքում կենտրոնացրել էին մոտ 80 տանկ, ավելի քան 130 ռազմական մեքենա և այլն։ Ներգրավվել էր նաև ռազմական ավիացիան, ուղղաթիռներ։