Թաիլանդում Փհուկետ կղզու լողափերը մնացել են առանց փրկարարների
Թաիլանդում զբոսաշրջիկների շրջանում հայտնի Փհուկետ կղզու լողափերը որոշ ժամանակով մնացել են առանց փրկարարների, գրում է ИТАР-ТАСС-ը։
Տեղական մամուլի հաղորդմամբ՝ դրա պատճառը պաշտոնյաների թույլ տված սխալն է, որոնք ճիշտ ժամկետին չեն երկարացրել լողափում հերթապահություն իրականացնող Փհուկետի Փրկարարների ակումբի հետ պայմանագիրը։
Կղզու վարչակազմից խոստանում են, որ բոլոր բյուրոկրատական խնդիրները կլուծվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Իսկ մինչ այդ զբոսաշրջիկները պետք է լինեն ավելի ուշադիր և հույսը դնեն միայն սեփական ուժերի վրա: Ընդ որում՝ ջրում անվտանգությունը Փհուկետ կղզու ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որտեղ հաճախակի հակառակ հոսանքներ են դիտվում, որոնք լողացողներին քշում են հեռու բաց ծով։










