Տաջիկստանի դպրոցներում առաջարկել են դասեր անցկացնել աշխատանքային միգրանտների համար
Տաջիկստանի դպրոցներում առաջարկել են դասեր անցկացնել աշխատանքային միգրանտների համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆայզաբադի շրջանի դպրոցներից մեկի տնօրեն Աբդուջաբոր Սաղդիդդինովը։
Նրա խոսքով՝ երիտասարդներին աշխատանքային միգրանտ դառնալու հարցում պետք է նախապես պատրաստել։ «Պետք է երեխաներին բացատրել, թե ինչ է անհրաժեշտ իմանալ արտերկրում աշխատանքի մեկնելիս, հատկապես՝ ուշադրություն պետք է դարձվի ռուսաց լեզվի ուսուցմանը։ Աշխատանքի ուսուցման դասերին կամ առանձին դասաժամերին երեխաներին պետք է շինարարական մասնագիտություններ, եռակցում, ատաղձագործական արհեստ սովորեցնել, ինչի համար պետք է հրավիրել աշխատանքային միգրանտների»,-ասել է նա։
Տնօրենը նշել է, որ ինքն էլ անցյալում աշխատանքային միգրանտ է եղել, և կարծում է, որ նման դասերն էապես կհեշտացնեն նրանց կյանքը, ովքեր ապագայում պատրաստվում են արտերկիր մեկնել՝ աշխատելու համար։
Նմանատիպ առաջարկով երկրի կրթության նախարարությանն է դիմել նաև տաջիկ լրագրող Սոհիբերի Թոլիբը, որն աշխատում է Մոսկվայում։
Նախարարությունում կարծում են, որ դպրոցներում նոր առարկա մտցնելու անհրաժեշտություն չկա։ Աշակերտներն առկա կրթական ծրագրով սովորում են ռուսաց լեզու և գրականություն, նաև՝ Ռուսաստանի աշխարհագրություն։










