2012-2013 թվականների ընթացքում ոստիկանության վետերանների կողմից հանցագործության 478 դեպք է բացահայտվել. ոստիկանություն

21:30 • 29.04.14

 

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը:


Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համակարգի վետերաններին փոխանցել է հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորհանքն ու բարեմաղթանքները:


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ բարձր գնահատելով ոստիկանության վետերանների աշխատանքը նաև՝ վաստակած հանգստի գնալուց հետո՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է համակարգում ընթացող բարեփոխումներին և այն սկզբունքներին, որոնց վրա այսօր հիմնվում է ոստիկանության գործունեության մարտավարությունն ու ռազմավարությունը:


Ոստիկանության պետը նշել է, որ այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ, հատկապես՝ համայնքային ոստիկանության կազմավորման և անչափահասների հետ տարվող աշխատանքներում, իսկ վաստակաշատ մասնագետների լիարժեք ինտեգրմանը կնպաստեն վետերանների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավումը, վետերանների ակումբի ստեղծումը և այլ ձեռնարկներ: Այս առումով, Վլադիմիր Գասպարյանն անչափ կարևորել է վետերանների համաժողովի աշխատանքը:


Վետերանների համագործակցությունը կարևորել են նաև ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը և ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները:


2012-2013 թվականների ընթացքում ոստիկանության վետերանների կողմից հանցագործության 478 դեպք է բացահայտվել, այդ թվում` ավազակային հարձակման` հինգ, անձնական ունեցվածքի գողության` 286, թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 30, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու` 47 դեպք և այլն: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 60 անձ:


Վետերաններն ակտիվորեն մասնակցել են «Կանեփ-կակաչ« օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներին: Պարբերաբար միջոցառումներ են իրականացվում դպրոցականների շրջանում:
«Անելիքներն շատ են, շատ են ծրագրերը, մեծ է աշխատելու պատրաստակամությունը»,- նշեց Գրիգորի Աբովյանը:
Համաժողովը հաստատել է ոստիկանության վետերանների աշխատանքային ծրագիրն ու կանոնադրական փոփոխությունները:


Համաժաղովում ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ է վերընտրվել Գրիգորի Աբովյանը: