Անունը կար, բայց գործիքները չկային. «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավարը Արևելյան գործընկերության մասին
«Եվրամիության Արևելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ և բացթողումներ» թեմայով Երևանում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի համար Արևելյան գործընկերության անունը կար, բայց գործիքները չկային: «Գործիքները չկային, որոնցով կարելի էր օգտվել Արևելյան գործընկերության ընձեռած բոլոր հնարավորություններից, այսինքն՝ անունը կար, բայց գործիքները չկային»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ընկալումները, որոնք կային սկզբնական շրջանում Արևելյան գործընկերության մասին, և այն ընկալումները, որոնք կան հիմա, իրարից տարբերվում են: Վերջին ժամանակներում սկսեց խոսք գնալ այն մասին, որ Եվրոպան կարիք ունի համագործակցելու ավելի սկզբունքային և ավելի կանխատեսելի գործընկերոջ հետ:
«Արևելյան գործընկերության շրջանակներում արևելյան հարևանությանն աջակցելու մեխանիզմները երկարաժամկետ հեռանկարում բավականին լուրջ ու էական փոփոխություններ էին առաջադրում, և դա շատ համապատասխանում էր Եվրոպայի ոճին»,-ասաց նա:
Անդրադառնալով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու և Ասոցացման համաձայնագրին՝ քննարկման մասնակիցը նշեց, որ դրանք երկար ժամանակ և շատ ջուր քաշող գործընթացներ են: Սեպտեմբերի 3-ի իրադարձություններից հետո ի հայտ եկավ դերի վերագնահատման խնդիր, և ի թիվս այլոց նաև քաղաքացիական հասարակությունը տապալվեց:
«Արևելյան գործընկերության շրջանակներում առաջին հերթին համագործակցության եզրեր ստեղծվեցին գործընկեր երկրների միջև»,- ընդգծեց նա:
Քննարկման մասնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ կարծիք հայտնեց, թե Հայաստանում այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել Արևելյան գործընկերությանը: Իսկ Ռուսաստանը խախտում է ոչ միայն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, այլ նաև հայտնի քաղաքական պայմանագրերը:
Նրա համոզմամբ՝ կարևոր է, որ Հայաստանի հասարակությունը ոչ միայն ենթարկվի եվրոպայից իջած միջոցառումներին, այլ կարողանա այդ միջոցառումները թելադրել ներսից: «Մենք այդ գործընկերությանը նայում ենք իբրև կթու կով, բայց երբ դու ունես այնպիսի համակարգ, որը խժռում է եղած-չեղած գումարները, ապա այդ աջակցության գումարները ևս անիմաստ կլինեն»,- ասաց նա:
Վերջինս շեշտեց, որ Արևելյան գործընկերությունը Հայաստանին տալիս է մի հնարավորություն միայն, որ դեռևս հնարավորություն կա գնալ քաղաքակիրթ ճանապարհով:










