Գուցե հնարավոր չլինի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի բոլոր շրջաններում. Արսեն Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը BBC-ին տված հարցազրույցում ընդունել է, որ Կիևի համար, գուցե, հնարավոր չլինի նախագահի ընտրություններ անցկացնել երկրի բոլոր շրջաններում, հայտնում է Коммерсантъ-ը։
Նա, մասնավորապես, ասել է, որ եթե ուկրաինական իշխանություններն իրենց ավելի ողջամիտ պահեին, ապա կհետաձգեին ընտրությունների անցկացումը։
Սակայն միևնույն ժամանակ Ավակովն ասել է, որ քվեարկություն ամեն դեպքում կկայանա: Коммерсантъ-ն այս հայտարարությունը քննարկել է փորձագետների հետ: Վերջինները կարծում են, որ Ուկրաինան կորցնում է երկրի արևելքից իր թեկնածուներին. Օլեգ Ցարյովն արդեն հրաժարվել է:
Ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ՝ Ուկրաինան ոչ միայն արևելքից իր թեկնածուներին է կորցնում, այլև՝ հենց բուն արևելքը։
Լրատվամիջոցի փորձագետները մտահոգված են նաև Սլավյանսկ գերմանացի հատուկջոկատայինների հնարավոր մուտքով, ինչի հավանականությունն ավելի վաղ չէր բացառել Ավակովը:
Ուկրաինայում նախագահի ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին: Ի դեպ, ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Անդրեյ Մագերան ընտրությունների խափանման համար ոչ մի պատճառ չի տեսնում:










