ՀՀ-ում հարցվածների 76%-ը դրական է գնահատել Ղրիմը իր երկրի կազմ վերադարձնելու ՌԴ գործողությունները
«Ուկրաինա. իրադարձությունների արձագանքը Հայաստանում» թեմայով Gallup International Association ընկերությունը Հայաստանում հարցումներ է իրականացնել Հայաստանի մարզերում և Երևանում, որին մասնակցել է 1067 մարդ:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են ապրիլի 8-18-ն ընկած ժամանակահատվածում՝ դեմ առ դեմ տարբերակով:
«Առաջին հարցը վերաբերում էր նրան, թե հետազոտության մասնակիցները լսե՞լ են Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության մասին, որին 92%-ը պատասխանել է, թե՝ այո, 8%-ը՝ ոչ»,-ասաց Արամ Նավասարդյանը:
Ըստ նրա՝ հարցվածների 77%-ը բացասական է գնահատել Կիևում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Հարցին, թե ինչպե՞ս են հարցվածները գնահատում Ռուսաստանի գործողությունները Ղրիմը ՌԴ կազմ վերադարձնելու ուղղությամբ՝ 76%-ը դրական պատասխան է տվել, 12%-ը բացասական, մնացածն՝ այլ:
Հանրաքվեի արդյունքում Ղրիմի՝ Ուկրաինայից անկախանալու որոշումը Հայաստանում հարցվածների 70%-ը դրական է գնահատել, 18%-ը՝ բացասական, 12 %-ը տվել է այլ պատասխան:
Շարունակելով ներկայացնել հարցումների արդյունքները՝ Արամ Նավասարդյանն ասաց. թե հարցվածների 73%-ի կարծիքով Հայաստանը պետք է ճանաչի Ղրիմի անկախությունը, 12%-ն ասել է, թե՝ ոչ, իսկ 15%-ը տվել է այլ պատասխաններ:
«Հայաստանում առկա՞ է Ուկրաինայի նման արյունալի հեղափոխության նախադրյալ» հարցին հետազոտության մասնակիցների 65%-ը տվել է բացասական, 25%-ը՝ դրական, իսկ 10%-ը՝ այլ պատասխան:










