ՀԴԲ-ն հատուկ ստորաբաժանում կստեղծի Յանուկովիչի ակտիվների որոնման համար

15:37 • 30.04.14

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հատուկ ստորաբաժանում կստեղծի, որը կհետևի կոռումպացված գործիչների ֆինանսական հոսքերին, գրում է Deutsche Welle-ն:

 

Այդ մասին Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի գաղտնի ակտիվների խնդրին նվիրված երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը: Նրա խոսքով՝ հատուկ ստորաբաժանման մեջ կընդգրկվեն 12 քննիչ և հետազոտող, որոնք կզբաղվեն Ուկրաինայում և այլ երկրներում կոռուպցիայի հետաքննությամբ:

 

Հոլդերի խոսքով՝ Յանուկովիչի հաշիվների որոնման համար կարող են տարիներ պահանջվել, սակայն վերջնական արդյունքում դրանք հաջողությամբ կպսակվեն։ «Մենք վճռական ենք տրամադրված: Կարելի է փախչել, բայց թաքնվել հնարավոր չէ»,- ասել է Հոլդերը:

 

Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտնել է, որ Վիկտոր Յանուկովիչը և նրա շրջապատը երկրից առնվազն 3 միլիարդ դոլար են տարել: «Ուկրաինայի նոր կառավարությունը հայտնաբերել է, որ գանձարանը դատարկ է, իսկ բոլոր պաշարներն անօրինաբար սեփականաշնորհվել են»,- ասել է Մախնիցկին:

 

Ուկրաինական կոռուպցիոն սխեմաների հետաքննություն սկսելու մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները։