Լուրջ բարեփոխումներ կլինեն. Գագիկ Խաչատրյանն իր անելիքների մասին
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում շտապել պատասխանելու այն հարցին, թե արդյոք առաջիկայում մեկ նախարարության մեջ կմիավորվեն հարկային, մաքսային կառույցները: «Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ, քննարկումները երբ կավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի՝ դուք կիմանաք։ Ինչո՞ւ եք շտապում, մի քանի օր համբերեք, որոշում կլինի, կիմանաք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա:
Հարցին, թե արդյոք կարող է աշխատել որպես սուպերնախարար, եթե երկու կառույցի ղեկավար լինի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե պիտի փորձենք, որ լավ գործենք, մի քիչ սպասեք»: Իսկ թե 100 օր է անհրաժեշտ դրա համար՝ պատասխանեց. «Մի քիչ ավելի»:
Հարցերին, թե առաջիկայում ինչպես է պատրաստվում աշխատել, ինչ փոփոխություններ են լինելու,Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Մի տեսակ երկար թեմա է, հիմա չեմ կարող պատասխանել։ Լուրջ քննարկումներ են լինելու և լուրջ բարեփոխումներ կլինեն»,- եզրափակեց նա։










