Ոչ իշխանական ուժերը մի քայլ ավել են անում՝ մտածելով, որ արդեն հաղթել են, բայց միշտ պարտություն են կրում. ԱԺ նախագահ

15:39 • 30.04.14

ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը նկատել է, որ ոչ իշխանական ուժերը մի քայլ ավել են անում՝ մտածելով, որ արդեն հաղթել են, ինչպես իրենք են ասում, բայց միշտ պարտություն են կրում:

ԱԺ-ում այսօր խոսելով «Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկությունից, ԱԺ նախագահը նշեց, որ իր համար անակնկալ էր ԲՀԿ-ական պատգամավորի համահեղինակությամբ մշակված նախագծի քվեարկությանը ԲՀԿ-ի չմասնակցելը, քանի որ հիմնական օրինագծի գաղափարները նաև մշակել էր ԲՀԿ-ն՝ հանձին Միքայել Մելքումյանի:

«Ինձ համար շատ տարօրինակ էր, բայց նաև կարծում եմ հետևյալը. քառյակը, եթե փորձում է միասին հարց քննարկել և որոշում է կայացնում, ես կարծում եմ՝ դա էլ է տրամաբանական: Ես դա քաղաքական ակցիա եմ համարում քառյակի կողմից: Քաղաքական գործիչներ կան ընդդիմադիր, որոնք հետևյալն են հորդորում, այսինքն՝ ինչքան քաղաքական կապիտալ ունեք, քայլերը այդ չափով արեք, որպեսզի կամաց-կամաց շահեկան վիճակի հասնեք: Իսկ քառյակի տրամաբանությունը այն է՝ հիմնական ուժերն ասում են՝ ինչու կամաց-կամաց, միանգամից»,- ասաց նա։

Լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ի կողմից իր օգտին քվեարկելուց հետո ՕԵԿ-ի ու ԲՀԿ միջև ի՞նչ տարբերություն է տեսնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Շատ մեծ տարբերություն կա, տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ուղղվածություններ ունեցող»:

Իսկ թե ՀՀԿ-ի հետ հարաբերություններում ի՞նչ տարբերություն կա այդ երկու ուժերի միջև, նա նշեց. «Մարդկային փոխհարաբերություններ են, բոլորը պիտի փոխհարաբերվեն: Փոխհարաբերությունները կամ հարաբերությունները չի նշանակում, որ մարդիկ մերձեցվեցին իրար հետ, մի տեսակը՝ քաղաքական, մյուսի հետ նույն որակը դարձավ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ռազմավարությունն ունի: Էդտեղ նմանություններ, տարբերություններ պետք չէ փնտրել»։