Ավստրալիան դադարեցրել է մալայզիական Boeing-ի որոնման աշխատանքներում օդանավերի օգտագործումը

09:56 • 30.04.14

Հնդկական օվկիանոսում շարունակվում են մարտի սկզբին կորած մալայզիական օդանավի որոնումները։ Սակայն այսուհետ այդ աշխատանքներում սահմանափակ թվով նավեր կօգտագործվեն, իսկ օդանավեր՝ ոչ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Boeing 777-200-ի որոնումներն Ավստրալիայի արևմտյան ափից մոտ 2,5 հազար կմ հեռավորությամբ ընթանում են արդեն շուրջ մեկուկես ամիս, որի ընթացքում համարյա ամեն օր 8 -12 օդանավ թռիչքներ է իրականացրել այդ տարածքներում։

 

Երկուշաբթի Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտնել էր, որ յուրաքանչյուր օրվա հետ ավելի քիչ հավանական է դառնում օդանավի բեկորների հայտնաբերումը: Ըստ այդմ՝ այժմ շեշտը դրվում է ստորջրյա որոնումների վրա՝ հատուկ սարքավորումների կիրառմամբ:

 

Հայտնի է դարձել, որ ավստրալական «Օվկիանոսի վահան» նավից բացի, որը հանդես է գալիս որպես համակարգող, շատ այլ նավեր և ինքնաթիռներ, որոնք մասնակցում են գործողությանը, առաջիկա օրերին կվերադառնան իրենց սովորական պարտավորությունների կատարմանը: Ավստրալացիները նախօրեին հերքել էին տեղեկությունն այն մասին, թե կորած օդանավը Բենգալիայի ափերի մոտ է։

Մալայզիական օդանավն անհետացել էր մարտի 8-ին: Դրանում եղել է 239 մարդ։