Հույս ունեի, որ ապրիլին միասնական հրապարակ կլինի, բայց իմ ժամացույցը մի փոքր արագ է աշխատում. Րաֆֆի Հովհաննիսյան

15:23 • 30.04.14

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ուներ, որ այս տարի ապրիլին երկրում միասնական հրապարակ կլիներ չորս ուժերի համագործակցությամբ, բայց հասկացավ, որ իր ժամացույցը մի փոքր ավելի արագ էր աշխատում:

«Ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել, ողջունել եմ այդ համագործակցությունը, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք չորս ուժերի հետ, որոնց միասնական օրակարգը տակավին պակասում է իրենց օրացույցից: Հույս ունեի, որ ապրիլին կլինի այդ միասնական հրապարակը, բայց հասկանալով, որ իմ ժամացույցն աշխատում է մի փոքր արագ, քան մյուսներինը, ներկա դրությամբ համարում եմ ցավալի, որ երեկ քվեարկության ժամանակ չկար միահամուռ մոտեցում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այդ չորս ուժերի համագործակցության ամենաառանցքային քննարկումը լինելու է կառավարության ծրագրի շուրջ: «Մենք համաձայնել ենք, որ կսպասենք այդ ծրագրի ներկայացմանը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ ուժերը ժողովրդին խոստացել են միացյալ հրապարակ և համակարգային փոփոխություններ, և այդ փոփոխությունները պետք է կատարվեն մայիս ամսին:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ եղել են ժամանակներ, երբ յուրաքանչյուր խմբակցություն իր առանձին տեսակետն է հայտնել, և դրանք քաղաքական ուժեր են, որոնք այս կամ այն փուլում իրենց ինքնությունն ընդգծել են: Նա ընդունեց, որ առանց այդ ուժերի համագործակցության, «պարտադիր կուտակայինը» չէր հասնի Սահմանադրական դատարան, սակայն այդ համագործակցությունը կշարունակվի խիստ տեղային և լոկալ:

Անդրադառնալով ԱԺ նախագահի երեկվա ընտրություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ երեկ ահազանգ հնչեց բոլոր մասնակցող ուժերի համար, բայց ինքը դեռ հույս ունի, որ այդ ուժերը եթե ցանկանան, կկարողանան կանխել կառավարության առաջիկա ծրագիրը: Իսկ եթե չկանխեցին, այդ ժամանակ ինքն իր վերջնական խոսքը կասի:

«Քառյակ, որպես այդպիսին չկա, կան չորս ուժեր, ովքեր փորձում են համագործակցության նոր մշակույթ ստեղծել, իսկ դրա արդյունքը կերևա մայիսին: Ավելին սպասել դժվար կլինի, եթե այդ ուժերը չկարողանան կանխել կառավարության ծրագիրը, և եթե կառավարության ծրագրի ժամանակ այդպիսի քվեարկություն լինի, սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակը»,-ասաց նա՝ խորհուրդ տալով, որ ամեն մեկը ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ դրսևորած իր վարքը մեկնաբանի. «Սա վերջին քննությունն է»:

«Ժառանգության» առաջնորդը նաև տեղեկացրեց, որ իրենք իմացան, որ չորս ուժերը միասին չեն բոյկոտելու այդ ընտրությունները, սակայն իրենք միտք ունեին ներկայացնել միասնական թեկնածու:

Վերջում նա կրկին շեշտեց, որ կառավարական ծրագրի տապալմամբ պետք է նոր վիճակ ձևավորվի, դա է չորս ուժերի համաձայնության վերջին հանգրվանը, և եթե այդ ուժերից որևէ մեկը ետ կանգնի այդ համաձայնությունից, նույնպես նոր վիճակ կլինի: