Սևանա լճի մակարդակի բարձրացմանը խոչընդոտում են օլիգարխիկ համակարգն ու ՀԲ-ն. կարծիքներ

09:20 • 30.04.14

Ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, որպեսզի Սևանա լճի մակարդակը շարունակի բարձրանալ, անհրաժեշտ է Համաշխարհային բանկի և Հայաստանի օլիգարխիկ համակարգի ցանկությունը:


Tert.am-ի հետ զրույցում բնապահպանն ընդգծեց, որ հայ բարձրաստիճան պաշտոնյանները և մեծահարուստները Սևանի ափամերձ տարածքներում ունեն իրենց կապիտալը, շինությունները և չեն ուզում, որ դրանք ջրի տակ անցնեն:


Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի Սևանա լճի մակարդակի բարձրացմանը դեմ լինելուն, ապա Հակոբ Սանասարյանը նշեց, որ ինքը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով ՀԲ-ի դրամաշնորհների միջոցով 1996-ից 1998-ին իրականացրած «Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգման ծրագիրը»:


«Նրանք ասում են, որ Սևանի մակարդակը եթե բարձրանա, ապա Հայաստանի տնտեսությանը մեծ վնաս է հասցվելու և այն ժամանակ կտրականապես դեմ էին Որոտանի թունելի կառուցմանը՝ գտնելով, որ այն մեծ վնաս է հասցնելու Հայաստանին: Բայց եթե ինձ եք հարցնում, թե ինչու է դեմ Համաշխարհային բանկը, ուրեմն ասեմ: Հիմա, փաստորեն, եթե մենք դժվարություն ենք ունենում տնտեսությունում, ապա վարկ ենք վերցնում: Այսինքն՝ ինչքան մեր տնտեսությունը զարգացած չլինի, ինչքան հողը քիչ մշակենք, Սևանում ջուրը պակաս լինի, որ անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա ստանանք, այնքան իրենց շահն է: Ես կարծում եմ՝ ՀԲ-ն չի ուզում Սևանի մակարդակը բարձրանա, որ իրականում Հայաստանի տնտեսական վիճակը չլավանա և ավելի շատ վարկեր տա»,- ասաց նա:


Հակոբ Սանասարյանը, թեև դրական համարեց երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փոփոխությունը, համաձայն որի Սևանից 240 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի ոչ թե 5 տարի շարունակ, ինչպես նախապես որոշվել էր, այլ 1 տարի, սակայն ընդգծեց, որ ԱԺ-ն խնդրի շուրջ լուրջ քայլեր պետք է ձեռնարկի:


«Սևանի մակարդակը որքան էլ թվում է, թե բարձրանում է, բայց ՀՀ իշխանությունները հանրապետության նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ լճի մակարդակը չբարձրանա: Եթե թույլ տային, հիմա Սևանի մակարդակը շատ ավելի բարձր կլիներ, վստահ եմ, որ արդեն հասած կլիներ 1903,5 մետր նիշին: Նրանք անընդհատ խոչընդոտել են մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե այսօր Արարատյան դաշտում ոռոգման ջրի խնդիր կա, և եթե այն չլուծվի, փաստորեն, արտագաղթը այս տարածքում կմեծանա, քանի որ գյուղացին չի կարողանա մշակել հողը, նա պատասխանեց. «Ոռոգման խնդիր, այո՛, կա, բայց տարի է եղել որ վերցրել ենք 50 մլն խմ ջուր, և դա բավարարել է: Բայց հետո սկսեցին վերցնել 80 մլն, հետո 140 մլն, հետո 170, հիմա էլ՝ 240: Այս բոլորը Սևանա լճի մակարդակը չբարձրացնելու ծրագրին է համապատասխանում, իսկ Սևանից վերցրած ոռոգման ջրի զգալի մասը Կասպից ծով է գնում»,- ասաց նա:


Մեկ այլ բնապահպան Լևոն Գալստյանն էլ նշեց, որ երեկ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումից ակնհայտ է դառնում, որ նախապես նշված 5 տարի ժամկետը կամայական թիվ էր և հիմնված չէր որևէ մասնագիտական, տեսական, փորձագիտական հիմքի վրա:


«Սա փաստ է: Չեմ կարծում, որ բնապահպանների դժգոհությունը լսելով փոփոխություն արեցին, բայց չեմ էլ կարող ասել փոփոխության պատճառը: Ինքս էլ չեմ հասկանում: Բայց սա ևս մի անգամ ցույց է տալիս, թե ինչքան մենք փնթի ենք վերաբերվում ամեն ինչին: Եթե այդ նախագիծը հիմնավորված էր, որ 5 տարով պետք է լինի, ապա 5 տարով էլ թող ընդունեին, ի՞նչ խնդիր կար: Տարիների փորձը ցույց է տալիս, որ նման բաները լրիվ կամայական ձևով են արվում: Մենք այսօր ունենք փնթի կառավարում»,- ասաց նա:


Լևոն Գալստյանն ընդգծեց, որ այսօր իշխանությունը Սևանին վերաբերում է ինչպես մի ջրամբարի, որտեղ կարելի է ջուրը պակասեցնել, ավելացնել, փոփոխություններ կատարել և այլն:


«Հետո ասում են՝ վայ, չհասցրինք ափամերձ տարածքները մաքրել, սպասեք թող մի քիչ ժամանակ չբարձրանա մինչև մաքրենք: Այս ամենը պետք է լուրջ պլանավորված լիներ ու մասնագիտական ու կազմակերպչական աշխատանք իրականացվեր: Մենք չունենք այն կառավարման ռեսուրսը, որ մեր բնությունը կարողանա կառավարի: Ինչո՞ւ չէ, դրա պատճառներից մեկը կարող են լինել նաև ափամերձ շինությունները, որոնց սեփականատերերը, գուցե, լոբբինգ են անում, որ ջուրը դեռ չբարձրացվի»,- ասաց նա:


Լևոն Գալստյանը հիշեցրեց, որ ընդամենը 2 տարի առաջ ԱԺ-ն ընդունեց Սևանից 320 մլն խմ ջուր բաց թողնելու մասին որոշում, որի պատճառը, ըստ նրա, այդպես էլ չհիմնավորվեց։ «Ինչպես էլ հիմնավորեցին, միևնույն է, դրան փուչ բաներ էին, դրա համար էլ բոլոր մարդկանց մոտ կասկածներ են առաջանում: Եթե ամեն ինչ պարզ ու հիմնավորված անեին, այս խոսակցությունները չէին առաջանա»,-ասաց նա: