Emoji հայտնի «սմայլիկները» կարող են պաշտպանել ԱՄՆ ԱԱԾ-ի գաղտնալսումներից

23:25 • 30.04.14

ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից հետո ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վերահսկողությունից և գաղտնալսումներից խուսափողները, ովքեր անվստահությամբ են վերաբերում Yahoo-ի և Google-ի պես ծառայություններին, կարող են իրենց հաղորդագրություններում ավելի շատ «սմայլիկներ» օգտագործել:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ The Daily Dot-ին հղումով, PRISM բարձրտեխնոլոգիական ծրագիրը և համացանցի օգտատերերի անձնական տվյալների զանվածային հավաքագրման այլ համակարգեր չեն կարողանում կարդալ «սմայլիկները»: Համաշխարհային գաղտնալսման ժամանակ կիրառվող ծրագրերը, որոնք գործարկել է ԱՄՆ ԱԱԾ-ն, կարող են ճանաչել գրեթե ցանկացած լեզու, հասկանում են հապավումները, կրճատ գրելաձևերը և կոդերը, սակայն դրանք մի թերություն ունեն. անշունչ մեքենաները չեն հասկանում «սմայլիկները»:


Յուրաքանչյուր հաղորդագրություն, որը կազմված է գրաֆիկական պատկերներից, PRISM համակարգն ընկալում է որպես սև խորանարդերի հավաքածու:


Հիշեցնենք, որ ԱՄՆ ԱԱԾ-ի լրտեսական գործունեության մասին միջազգային հանրությանը հայտնի է դարձել ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մերկացումների շնորհիվ, որը բրիտանական թերթերից մեկին հաղորդել է ամերիկյան հատուկ ծառայությունների՝ ողջ աշխարհում անցկացվող գաղտնալսման ծրագրի մասին: