Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՊՀ-ից դիտորդներ չի հրավիրել նախագահական ընտրություններին հետևելու համար

12:19 • 30.04.14

Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՊՀ-ից դիտորդներ չի հրավիրել նախագահական ընտրություններին հետևելու համար, սակայն նրանք կարող են դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առանց հրավերի հավատարմագրման համար, պարզաբանել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան, գրում է telegraf.com.ua-ն:

 

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի խորհրդարանական վեհաժողով հրավեր պետք է ուղարկի Ուկրաինայի խորհրդարանը՝ արտաքին գործերի նախարարության խորհրդատվությամբ: Սակայն Դեշիցան նշել է, որ իրականում ընտրություններին կարող են հետևել բոլոր դիտորդները, ովքեր նման ցանկություն կհայտնեն։

 

«Նրանք պետք է գրանցվեն ԿԸՀ-ում, և արդեն ԿԸՀ-ն որոշում կկայացնի որպես դիտորդ նրանց հավատարմագրման վերաբերյալ: Այսօրվա դրությամբ ԱՊՀ-ից դիտորդներ հավատարմագրման համար չեն դիմել»,- ընդգծել է արտգործնախարարի պաշտոնակատարը:

 

Ինչպես հայտնի է՝ Ուկրաինան հրաժարվել է ընթացիկ տարում ԱՊՀ-ում նախագահությունից և հայտարարել, որ դիտարկում է կազմակերպությունից դուրս գալու նպատակահարմարությունը՝ դրա անարդյունավետության պատճառով: