Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Ռուսաստանին
Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին է փոխանցել բողոքի հերթական նոտան՝ «Ղրիմի և Ուկրաինայի մնացած տարածքի միջև սահմանի հաստատման առնչությամբ», գրում է telegraf.com.ua-ն։
«Ղրիմի և Ուկրաինայի մյուս հատվածի միջև սահմանի հաստատման մասին Ռուսաստանի Դաշնության ընդունած որոշման առնչությամբ՝ երեկ ռուսական կողմին է հանձնվել բողոքի նոտա, որտեղ նշվում է, որ նշված քայլերը չեն համապատասխանում տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու երաշխիքների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, ինչպես նաև հակասում են ընթացիկ տարվա մարտի 27-ին Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։
Նրա խոսքով՝ այդ քայլերը կոպտորեն խախտում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմ հարաբերություններ և Ուկրաինայի կողմից դիտվում են որպես «միջազգային նորմերի և երկկողմ պայմանագրերի անտեսում»։










