Այս տարի առաջին անգամ հնագիտական պեղումներ կանցկացվեն Առինջ գյուղի Ս. Կարմրավոր եկեղեցու տարածքում

21:20 • 10.05.14

Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին Հնագիտության և ազգագրության ինստիտուտը կսկսի իր ամենամյա աշխատանքները:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ աշխատանքները շարունակվելու են Դվինում, Արտաշատ, Ագարակում, Ակնաշեն գյուղի մերձակա նոր քարեդարի բնակատեղիում, Գեղարոտ և Ծաղկահովիտ գյուղերի բրոնզեդարյան ամրոց բնակատեղիներում:

 


«Տասնյակ տարիներ է՝ աշխատում ենք միևնույն տարածքներում, բացում ենք փոքրիկ տարածքներ, ուսումնասիրում: Ամեն տարի պարբերաբար նույն հուշարձանի վրա աշխատում ենք: Հավադեպ է պատահում, որ հուշարձանը փոխվի: Դա լինում է միայն այն ժամանակ, երբ որևէ հուշարձան պետք է վերանորոգվի»,-ասաց նա:

 


Այնուամենայնիվ, Պավել Ավետիսյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ հնագիտական պեղումներ են իրականացվելու Առինջ գյուղում գտնվող Ս. Կարմրավոր եկեղեցու տարածքում, քանի որ այն պետք է վերանորոգվի:
«Օրենքով ցանկացած տարածքում, որտեղ հողի կարգը փոխվում է, որևէ աշխատանք իրականացնելուց առաջ պետք է հնագիտական պեղումներ իրականացվեն, բայց միշտ չէ, որ մարդիկ շարժվում են օրենքով: Մենք հանքերի շահագործումից առաջ էլ այդ տարածքներում ուսումնասիրություն ենք իրականացնում: Օրինակ՝ Թեղուտում արդեն 5 տարի է՝ աշխատանքներ են իրականացնում, և մենք 5 տարի է՝ աշխատանքներ ենք իրականացնում այդ տարածքում»,-ասաց նա: