Հայտնիները հավանում են Արամ MP3-ի երգը, բայց կանխատեսումներ չեն անում

14:30 • 10.05.14

«Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ն տարբերվեց մինչ օրս Հայաստանը ներկայացրած բոլոր մասնակիցների: Tert.am-ի հետ զրույցում Արամ MP3-ի հնարավոր հաղթանակի մասին խոսելիս նման կարծիք հայտնեց DJ Վակցինան և նշեց, որ վերջինս ցույց տվեց, որ պարտադիր չէ երգում հայկական մոտիվներ ներմուծել:


«Թող ներեն ինձ բոլոր նախկին մեր մասնակիցները, բայց միանշանակ Արամը տարբերվեց մնացած բոլոր մասնակիցներից՝ որակով, նորությամբ, երաժշտությամբ, իր կատարողական ոճով և իր արտաքին տեսքով: Մի խոսքով, լրիվ նոր իմիջ բերեց Հայաստանի անունից Եվրատեսիլ: Շատ-շատ բարձր եմ գնահատում նրա հաղթանակի շանսերը: Նույնիսկ եթե ազգային տարրեր մտցվեր երգի մեջ, միևնույնն է նա կտարբերվեր, քանի որ նա իր անձով, այսպես թե այնպես, տարբերվում է մեր շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներից»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Արամ MP3-ն մայիսի 6-ին մասնակցեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլին, ներկայացրեց «Not Alone» երգը և անցավ եզրափակիչ փուլ, որը կկայանա այսօր երեկոյան: Հայաստանը ներկայացնող մասնակիցը ելույթ կունենա 7-րդ համարի ներքո:


Երգչուհի Ջուսը չի կարողացել հետևել մրցույթի առաջին կիսաեզրափակչին, բայց մեր մասնակցի ելույթը դիտել է համացանցով: Ըստ նրա՝ վերջինիս հաղթանակի հնարավորությունը կախված է նրանից, թե որքան գումար է ներդրվել նրա PR-ի ու քվեարկությունների համար:


«Ինչքան շատ փող դնեն այնքան շանսերը կմեծանան: Ինձ դուր եկավ նրա ելույթը, իհարկե, մի քիչ հուզմունք կար, բայց դա երևի նշանակություն չունի: Երգը շատ լավն է, ուղղակի երգի մեջ չկա կրկներգ, նմանվում է սաունդթրեքի, այսինքն՝ երգ, որը նախատեսված է կինոյի համար: Եվրատեսիլը ավելի շատ պահանջում է՝ «տուն-կրկներգ» սկզբունքը: Բայց չպետք է մոռանանք, որ այս մրցույթը նաև քաղաքական խնդիրների հետ կապ ունի»,- ասաց նա:


Շոումեն Հովհաննես Ազոյանը ընդհանրապես չի հետևում մրցույթին: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անգամ Արամի ելույթը չի դիտել, բայց փոխարենը համացանցով դիտել է վերջինիս Եվրոպայում տված հարցազրույցները։ «Ինձ հետաքրքիր էր նրա հարցազրույցները, բայց Youtube-ով մարդիկ ակտիվ հետևում են, շատ լավ է: Բայց ես չեմ հետևում, չեմ կարող ասել»,-ասաց նա:


Երգչուհի Արմինկան էլ նշեց, որ ինքը միշտ խուսափում է նախապես գնահատականներ տալուց, բայց Արամ MP3-ի «Not Alone» երգը սիրել է հենց առաջին օրից: «Խոսել հաղթանակի մասին չեմ ուզում, բայց որ մեր երգը սիրվել է ու լավ դիրք է զբաղեցնում, ակնհայտ է: Շատ կուզենամ, որ հաղթանակենք, բայց եթե անգամ հաղթանակ չլինի, կարևորն այն է, որ երգը սիրվել է, արել է այն, ինչ պետք է աներ, հաջողություն է ունեցել, ինչը պակաս կարևոր փաստ չէ»,- ասաց նա:


Մեր զրուցակիցները անդրադարձան այն հարցին, թե արդյոք Արամ MP3-ի հաղթանակի դեպքում Հայաստանը կկարողանա 2015թ-ին եվրոպական լայնամասշտաբ այս մրցույթը պատշաճ կերպով անցկացնել:


DJ Վակցինա. «Եթե սկսենք վատ կողմից նայել, բացասական կողմը շատ է՝ հաշվի առնելով երկրի սոցիալական ու տնտեսական վիճակը: Այդ տեսանկյունից պատրաստ չենք: Բայց միևնույն ժամանակ շատ լավ կլինի, որովհետև եկող տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ պարագայում ամբողջ Եվրոպայի ուշադրությունը Հայաստանը կլինի: Սա սիմվոլիկ կլինի և, կարծում եմ, որոշակի այցեքարտ կլինի այս թեմայի հետ կապված»:


Ջուս. «Ինձ թվում է, որ եթե հաղթենք, հարուստ հայեր ունենք ամբողջ աշխարհում, մի բան կանեն: Կարծում եմ ներդրումներ կլինեն Եվրոպայից, ԱՄՆ-ից, հաստատ կարելի է կազմակերպել»:


Արմինկա. «Ինձ թվում է 100 տարին մեկ անգամ կարելի է բյուջեից տրամադրել մի կլորիկ գումար, որպեսզի մենք ունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան համերգասրահ: Ավելի փոքրիկ երկրներ կան, որոնք ունեն համապատասխան համերգային սրահներ, իսկ մենք չունենք: Մի՞թե ցանկալի չէ, որ մենք էլ ունենանք նման բան: 1980-ականներից այս կողմ, բացի մարզահամերգային համալիրից ոչինչ չունենք: Մեր երկրում համաշխարհային մեծության աստղեր են լինում, հատկապես՝ վերջին շրջանում, ի՞նչ կխանգարի մեզ ունենալ ներկայանալի համերգասրահ»։


Հովհաննես Ազոյան. «Ի՞նձ եք հարցնում: Ես ի՞նչ գիտեմ, ես կարող եմ միայն ցանկություն հայտնել, մյուս տարի Հայաստանում անցկացվի մրցույթը, որ զբոսաշրջիկ գա Հայաստան»: