Արա Բուդաղյանը՝ Գորիսի քաղաքապետի ընտրությունների քաղաքական ենթատեքստ
Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները, ըստ ամենայնի, կանցնեն լարված ու թեժ։ «Գորիսի հասարակությունը հակված է դեպի թեկնածուներ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Բուդաղյանների ընտանիքի մտերիմ, Բուդաղյանների՝ ապագայում ձևավորվելիք նախընտրական թիմի անդամ Ռոբերտ Հակոբյանը։
«Գորիսեցիների գերակշիռ մասը սպասում է, որ փոփոխություններ կլինեն, և միշտ էլ գորիսեցիները տեսել են, որ փոփոխությունները կարող են լինել ասենք՝ Բուդաղյան Արա, Կարապետյան Տիգրան, այ, էս կարգի մարդկանց միջոցով, որովհետև էս մարդիկ հետագիծ չունեն էլի՝ մարդ սպանելու, թալանելու, յուրացնելու… Որ մի հատ նայեք էս ամիսների ընթացքում արված հրապարակումներին դատախազությունում գործեր կան հարուցված... տեսեք ինչեր են արել քաղաքային համայնքի հետ՝ ուղղակի թալանի են մատնել, տարածքները չնչին կոպեկներով սեփականաշնորհել են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ը հունիսի 8-ին կայանալիք Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջադրման վերջին օրն էր, և ինչպես տեղեկացանք թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` առաջադրված է 4 թեկնածու. «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն , անկուսակցական Տիգրան Կարապետյանը (ինքնաառաջադրվել է), Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայր, հանրապետական Արա Բուդաղյանը (ինքնաառաջադրվել է) և հանրապետական Վաչագան Ադունցը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից):
Թեպետ Արա Բուդաղյանի և երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանի ինքնառաջադրումների քաղաքական ենթատեքստը նրանց համախոհների և անձամբ Տիգրան Կարապետյանի կողմից հերքվում է, սակայն ակնհայտ է, որ Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինելու են հնի և նորի պայքար, իսկ առանցքում լինելու է կա՛մ արդարության հաղթանակը Գորիսում, կա՛մ «ավանդույթների» ու ազդեցության պահպանության շարունակության ապահովումը:
Իսկ Արա Բուդաղյանի առաջադրումն ինքնին՝ որպես Սյունիքի մարզում ողբերգական դեպքերին առնչվող հայտնի ընտանիքի ներկայացուցչի, հենց այս ՏԻՄ ընտրությունների քաղաքական տարրն է:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գորիսի ներքին քաղաքական գործընթացներին քաջածանոթ անձը, որը չցանկացավ ներկայանալ։
Ի դեպ, Ռոբերտ Հակոբյանը պնդում էր, որ Գորիսի «գերակշիռ ՀՀԿ-ականները միանշանակ կանգնած են Բուդաղյան Արայի ու Տիգրան Կարապետյանի մեջքին»:
Իսկ Տիգրան Կարապետյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր առաջադրումը պարզապես պայմանավորված է այն հիմնախնդիրներով, որոնք տեսնում է իր քաղաքում ու առաջարկեց քաղաքական ենթատեքստ չփնտրել իր առաջադրման մեջ:
«Չեմ կարծում, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում ինչ-որ մեկի առաջադրումը ինչ-որ քաղաքական փոփոխության կբերի: Գոնե իմ առաջադրման մեջ քաղաքական ենթատեքստ չկա»,- ասաց Գորիսի քաղաքապետի թեկնածուն, ով իրեն չի համարում նաև ընդդիմադիր թեկնածու այն պարզ պատճառով, որ իր ընկերը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է:
Գորիսեցիների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աջակցում է Ադունցին, իսկ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը (խոսքը ոչ պաշտոնապես աջակցելու մասին է, քանի որ կա ՀՀԿ-ից պաշտոնական առաջադրում)՝ Տիգրան Կարապետյանին, որը նրա մտերիմ ընկերն է: Ինչ վերաբերում է հարցին, թե իր և մյուս թեկնածուների հարցում Սուրիկ Խաչատրյանն ինչ դերակատարություն ունի, Գորիսի քաղաքապետի թեկնածուն ասաց. «Իմ մասով զրոյական, մնացածների մասով կխնդրեի, որ հարցն իրենց ուղղեիք»:
Պարզաբանվեց, որ «զրոյական» նշանակում է, որ Սյունիքի նախկին մարզպետը չի խառնվում, չի միջամտում թեկնածուի ու իր թիմի «պրոցեսներին» ու «ավանդաբար» էլ Սուրիկ Խաչատրյանն ու Տիգրան Կարապետյանը որևէ հարաբերություն չեն ունեցել:
Ինչ վերաբերում է իր մյուս մրցակիցների շանսերի մասին հարցին, Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի կարծում, որ ինքն այն անձն է, ով պետք է մասնակիցների շանսերը գնահատի, և առաջարկեց դա թողնել սոցիոլոգիական հարցումներին:
Շրջանառվում է նաև այն տարբերակը, որ Արա Բուդաղյանի եղբայրը ամենայն հավանականությամբ կհանի իր թեկնածությունը հօգուտ Տիգրան Կարապետյանի:
Ի պատասխան այս մասին հարցի՝ Արա Բուդաղյանի թիմակիցն ասաց. «Գործընթաց է, ամեն ինչ հնարավոր է, թեկնածուների գրանցման փուլն է, դեռևս նման մտադրություն չկա, ընթացքը ցույց կտա»:
Tert.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել Սուրիկ Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց թեմայի շուրջ որևէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է և որ շատ զբաղված է:










